Լոռիի մարզի Գուգարքի տարածաշրջանի 350 բնակիչ ունեցող Ձորագյուղ գյուղում բազմաթիվ խնդիրներ կան:  Համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բնակիչները առաջին հերթին զրկված են կոմունալ հարմարություններից: «Գյուղը գազաֆիկացված չէ, ցուրտ ձմռանը ձորագյուղցիները դիմակայում են աթար ու վառելափայտ վառելով, բայց փայտի համար էլ ստիպված են վճարել, կամ օգտագործել սեփական տնամերձի պտղատու ծառերը»,-ասաց համայնքի ղեկավարը:

Բացի գազաֆիկացման խնդրից, գյուղի բնակիչները ոռոգման ջուր եւս չունեն, այդ պատճառով էլ դժվարանում են կազմակերպել գյուղմթերքների արտադրությունը: Գյուղի մի մասը խմելու ջուր էլ չունի, քանի որ գյուղի միջով անցնող ու բնակիչներին մատակարարող ջրի խողովակը չափազանց մաշված է ու նորոգման կարիք ունի, բայց սեփական միջոցների հաշվին դա անել հնարավոր չէ, ասում է Ռոբերտ Հովսեփյանը, հավելելով, որ գյուղի բյուջեն չափազանց փոքր է: Բնակիչները բարկացած նշում են. «էս ո՞ր դարն է, մարդ էլ մեր օրերում դույլերով սարից ջուր կրի»:

Ձորագյուղում 500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, որոնք գյուղացիների հիմնական ապրուստի միջոցն են: Համայնքի ղեկավարն ասում է, որ երբ 1 տարի առաջ կաթի ու մսի գները բարձրացան, գյուղի միգրացիան էլ դադարեց, բնակիչները պահում են անասուններին, անասուններն էլ` կերակրում իրենց:

Գյուղի դպրոցում 30 աշակերտներ են սովորում, առաջին դասարանցիներ չունեն: Այս տարի Ձորագյուղում 5 ամուսնություն է եղել, գյուղապետն ու համագյուղացիներն էլ հուսով են, որ այս թիվը կբարձրացնի նաեւ գյուղի ծնելիության  չափազանց ցածր մակարդակը: