Արեւելյան տոնացույցով 2012թ կմեկնարկի հունվարի 23-ին, ինչը կապված է Լուսնի շարժման հետ, իսկ զոդիակային տարին սկսվում է մարտի 21-ին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը` հավելելով, որ սա կարեւոր է այն առումով, որ եթե այդ օրն ենք դիմավորում Ամանորը հատուկ ձեւերով, ապա դա ազդում է ամբողջ տարվա վրա, այսինքն` այդ լիցքերը շարունակվում են ամբողջ տարի:
Քանի որ տարին Լուսնի ազդեցության ներքո է, ուստի` այն բաժանվում է չորս հատվածի: Աստղաբանի խոսքով` տարին սկսվում է մարտի 21-ին եւ շարունակվում է մինչեւ հունիսի 20-ը, երկրորդ հատվածը` հունիսի 21- սեպտեմբերի 20-ը, երրորդը` սեպտեմբերի 21-դեկտեմբերի 20-ը, չորրորդ` դեկտեմբերի 21-մարտի 20-ը, որը ամենաբարդ փուլն է համարվում:
Ըստ հայկական տոնացույցի` 2012թ մեկնարկում է խեցգետնի տարին, ըստ ընդհանրական մոլորակային ազդեցության` սա Լուսնի տարի է: Արեւելյան տոնացույցով սեւ ջրային վիշապի տարին է, որն ունի տղամարդկային էներգիա: Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ վիշապի տոտեմը հայ ազգին հարազատ է, օրինակ` ունեցել ենք Վիշապ քաղաք, Վիպաքարեր, Վիշապաքաղ Վահագն եւ այլն: «Տարվա ընդհանուր էներգետիկան, ամեն դեպքում, ունի կանացի բնույթ»,- ասաց նա:
Աստղաբանի խոսքով` 2012թ ընթացքում երաժշտությունն ահռելի ազդեցություն կունենա բոլորիս վրա: Դրանից բացի` մտքի պոտենցիալի տարի է. «Շատերի համար բավականաին ծանր տարի կլինի, համոզված եմ, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը արդեն մոռացել է մտածել»,- ասաց նա, հավելելով, որ տարին մի քանի անակնկալներ է պատրաստել մեզ:
Նրա խոսքով` ֆինանսական, տնտեսական, քաղաքական առումով բարդ տարի է սպասվում: Բարդությունները նկատելի կլինեն հունիսի 17-19-ին, այս շրջանում, ինչպես նաեւ նոյեմբերի 23-ին, հնարավոր են հրդեհներ, երկրաշարժեր: Քաղաքական լարվածությունը հասարակական վերաձեւավորումներ, փոփոխություններ առկա կլինեն օգոստոսի 15-ին` կապված Սատուրնի եւ Մարսի միավորուման հետ:
Նշենք, որ Նոր տարին նշում ենք հունվարի 1-ին, որը Հիսուս Նազովրեցիի թլպատման օրն է: Կաթոլիկ եկեղեցին ծննդյան տոները սկսում է նշել դեկտեմբերի 25-ին, որից հետո, ըստ հրեական ավանդությունների, կատարվում է այդ պրոցեսը:




























