Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ոչ անցյալ ունի, ոչ ապագա, պարզապես նրան խնայեցին, գործը կարճեցին առաջիկա ընտրությունների պատճառով: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը` հավելելով, որ գոհ է ՀՔԾ որոշումից գոհ է այնքանով, որքանով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը զղջացել է, հրապարակավ ներողություն է խնդրել իրենից:
Անդրադառնալով «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին` Համբարձումյանը նշեց, որ մարզպետն իրեն հարվածել է մեկ անգամ` գլխին. «Ուզում էր ոտքով հարվածել, բայց ընկերուհիս ընկավ իմ ու նրա միջեւ, ինչի արդյունքում հարվածը գլխիս հասավ: Բայց ես գոհ եմ, որ նրա նման կերպարը զղջացել է: Որտեղ նա առաջադրի իր պատգամավորական թեկնածությունը, ես էլ նույն տեղում եմ առաջադրվելու»:
Համբարձումյանը նաեւ նշեց, որ չի ցանկանում մտնել քաղաքականության մեջ, սակայն ցանկության դեպքում կարող է. «Տարիներ առաջ ինձ նույնիսկ նախարարական պորտֆելներ են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ: Միաժամանակ` Սուրիկ Խաչատրյանի դեմ իմ պայքարը շարունակվում է: Նրա հարվածից ֆիզիկապես չեմ տուժել. խոսքը իմ արժանապատվության մասին է: Այսօր նրանից պահանջում եմ` վերադարձնել ինձ պատկանող սարքը կամ դրա փոխարեն վճարել 102 մլն դրամ»:
Կին գործարարը նաեւ տեղեկացրեց, որ միջադեպի ամբողջական տեսագրությունն առաջիկա երեք օրերին իր ձեռքին կլինի:




























