ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե սեփական հայեցողությամբ է որոշումներ կայացրել ԱԺ աշխատակազմին վերաբերող կարեւոր հարցերի վերաբերյալ: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նա նշեց. «Իհարկե շատ զգացված եմ, որ ինձ վերագրել են այդպիսի մեծ դեր, սակայն, ուզում եմ նշել, որ ինչպես ԱԺ նախագահի աշխատակազմի մյուս ներկայացուցիչները, այնպես էլ ես, ԱԺ փաստաթղթաշրջանառության մասով պատասխանատու ենք յուրաքանչյուրս մեր հատվածով: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես գործել եմ բարեխղճորեն եւ օրենքի շրջանակներում: Մասնագիտությամբ լինելով իրավաբան` ես շատ լավ եմ պատկերացնում լիազորությունների չարաշահման իրավական հետեւանքները»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է, որ Հովիկ Աբրահամյանի նման փորձառու քաղաքական գործչի կողմից իրեն վստահված է եղել իրավական հարցերով խորհրդականի պաշտոնը: «Ինչ վերաբերում է նման լուրեր տարածող ԱԺ աշխատակիցներին, ուզում եմ հիշեցնել, որ պետք չէ սեփական անգրագիտությունը եւ չկայացածությունը փորձել քողարկել, թաքցնել այլ մարդուն սեւացնելու միջոցով: Իմ բարեխղճության եւ նրանց անգրագիտության վերաբերյալ հիմնավորումները փաստաթղթերի տեսքով ինձ մոտ եւս առկա են»,- նշեց ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդականը:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` ԱԺ աշխատակազմում մեծ են դժգոհությունները Գեղամ Ղարիբջանյանից եւ ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդատու Արփինե Հովհաննիսյանից: Համաձայն դրանց` Հովիկ Աբրահամյանը Արփինե Հովհաննիսյանին վստահել էր ԱԺ ողջ փաստաթղթաշրջանառությունը: «ԱԺ-ում խոսում են, որ վերջինս իր հերթին սեփական հայեցողությամբ է որոշումներ կայացրել ԱԺ աշխատակազմին վերաբերող կարեւոր հարցերի վերաբերյալ: Եւ այսօր խորհրդարանում այնպիսի լարված վիճակ է ստեղծվել, որ աշխատակիցների մեծ մասը սպասում է, թե նորից իրենց աշխատանքային ճակատագիրը վստահվելու է այդ երկու անձանց կամայականություններին: Հովիկ Աբրահամյանը բավականին մեծ արտոնություններ, լիազորություններ ու հնարավորություններ է տվել այս պաշտոնյաներին, ինչպես նաեւ իր թիկնազորի պետին»,- գրել էր թերթերից մեկը:




























