Վաղը՝ ժամը 10:00-ին, սպասում ենք ձեզ Օրբելիանի պալատում և այստեղից կպատմեմ, թե ինչպիսին է լինելու վաղը, տեսաուղերձում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նրա խոսքով, վաղն ինքը հանրությանը կտեղեկացնի առաջիկա օրերի ծրագրերի մասին։

«Ողջույններ Օրբելիանի պալատից։ Ես այստեղ եմ, այստեղ կլինեմ, այստեղ կգիշերեմ։ Վաղը՝ ժամը 10.00-ին, ձեզ կսպասենք Օրբելիանի պալատի դիմաց, իսկ այստեղից կպատմեմ, թե ինչպիսին է լինելու վաղը։ Ես ձեզ կասեմ, թե ինչպիսին կլինեն հաջորդ օրերը և ինչպիսին կլինեն հաղթանակի օրերը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ընտրողների հանձնաժողովը Միխեիլ Կավելաշվիլիին ընտրել է Վրաստանի վեցերորդ նախագահ։ Երդմնակալությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 29-ին։

Ընդդիմությունը և Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեն ճանաչում խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները։ Զուրաբիշվիլին հրաժարվել է իր մանդատը վայր դնել, քանի դեռ երկրում չեն կայացել նոր խորհրդարանական ընտրություններ։

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բազմիցս հայտարարել է, որ Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել իր պաշտոնը։