Դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել Կիևի և Պոլտավայի մարզային ռազմական վարչակազմերի ղեկավարներ Ռուսլան Կրավչենկոյին և Ֆիլիպ Պրոնինին պաշտոնանկ անելու մասին, հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով նախագահի համապատասխան հրամանագրերին։
Նախագահը ստորագրել է նաև թիվ 888/2024 հրամանագիրը Ֆիլիպ Եվգենևիչ Պրոնինին Պոլտավայի մարզային վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին՝ ըստ իր ներկայացրած դիմումի։ Թե ովքեր կնշանակվեն այս պաշտոններում, դեռ հայտնի չէ։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը համաձայնության է եկել տարածաշրջանային ռազմական վարչակազմերի երկու ղեկավարների՝ Կիևի և Պոլտավայի պաշտոնանկության շուրջ։
1990 թվականին Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկում ծնված Ռուսլան Կրավչենկոն Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի ապրիլին։ Մինչ այս Կրավչենկոն գլխավորում էր Կիևի մարզի Բուչանսկի շրջանի դատախազությունը։ Նա այս պաշտոնում աշխատել է մինչև 2023 թվականը։
1982 թվականին Կիևում ծնված Ֆիլիպ Պրոնինին նշանակելու մասին հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին։ Մինչ այս Պրոնինը կոռուպցիայի և այլ հանցագործություններից ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, որոնման և կառավարման հարցերով Ուկրաինայի Ազգային գործակալության նախագահի տեղակալն էր։





























