ԵՊՀ  փիլիսոփայության ամբիոնի դասախոս, դերասանուհի Անժելա Սարգսյանի նախկին ամուսին Ղազար Ավետիսյանի նկատմամբ, ով դեկտեմբերի 9-ին, ԱԱԾ-ում կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում հարցաքննվել էր, մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ղազար Ավետիսյանը` հավելելով, որ ընդհանրապես կապ չունի այդ ամենի հետ եւ երբեք չի զբաղվել կեղծ վկայականներ տրամադրելով:  Նա նշեց, որ որեւէ բան չի ցանկանում ասել: «Ինձ չի հետաքրքրում` ինչ են խոսում այս կամ այն լրագրողները»,- նշեց Ղազար Ավետիսյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին արձակագիր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայության աշխատակից, Արմեն Օհանյանին տարել էին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, ավելի ուշ` ազատ արձակել:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել էր, որ իրեն բերման են ենթարկել իր մտերիմ ընկերներից մեկի հետ կապված գործով, սակայն չէր հայտնել նրա անունը: «Հավանաբար նրանք մտածել են, որ եթե նա իմ մտերիմ ընկերն է, ես կարող եմ ինչ-որ տեղեկություն ունենալ: Բնականաբար, ես ոչ մի առնչություն  չունեմ ոչ կրթության ոլորտի, ոչ էլ կեղծ վկայականների հետ»,-ասել էր նա: Ի դեպ, ըստ Արմեն Օհանյանի, իրեն բերման են ենթարկել առանց ծանուցագրի եւ նա քննչական վարչությունում հրաժարվել է առանց փաստաբանի ներկայության պատասխանել իրավապահների հարցերին: «Հաճախ մարդկանց առանց ծանուցագրի առկայության են հարցաքննության կանչում: Ուղղակի տվյալ դեպքում ես հարցին հնչեղություն տվեցի»,-ասել էր նա: Դրանից հետո ԱԱԾ-ում կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում հարցաքննվել էր ԵՊՀ  փիլիսոփայության ամբիոնի դասախոս, դերասանուհի Անժելա Սարգսյանի նախկին ամուսին Ղազար Ավետիսյանը: Նա հարցաքննվելուց հետո ազատ էր արձակվել: