Գերմանացի պահպանողական առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, որը, ենթադրաբար, Գերմանիայի կանցլերի պաշտոնում կփոխարինի Օլաֆ Շոլցին, կաջակցի Միացյալ Նահանգների հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցելու նոր փորձին՝ ի պատասխան առևտրի պայմանների խստացման: Դրա մասին նա հայտարարել է գերմանական dpa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Մերցը հարցազրույցում ասել է, որ Եվրոպայի տնտեսությունը դժվարին պայմանների առաջ է կանգնելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, սակայն Գերմանիան և Եվրոպան պետք է դրան արձագանքեն՝ վերականգնելով մրցունակությունը, այլ ոչ թե մաքսատուրքեր սահմանելով:
«ԱՄՆ-ի հետ մեզ անհրաժեշտ է դրական օրակարգ, որն օգուտ կբերի ինչպես ամերիկացի, այնպես էլ եվրոպացի սպառողներին»,- նշել է Մերցը:
«Եվրոպա-ամերիկյան համատեղ ազատ առևտրի նոր նախաձեռնությունը կարող է կանխել մաքսատուրքերի վտանգավոր պարույրը»,- ընդգծել է ընդդիմադիր Քրիստոնյա-դեմոկրատների առաջնորդը։
Մերցը նշել է, որ Գերմանիան պետք է կորպորատիվ հարկերն աստիճանաբար նվազեցնի մինչև 25% և կրճատի աշխատուժի չվարձատրվող ծախսերը՝ կրկին բիզնես գործունեություն ծավալելու գրավիչ վայր դառնալու համար:
Նա հավելել է, թե այնուհետև Գերմանիան կարող է ԱՄՆ-ին ասել, որ պատրաստ է դիմակայելու նաև նրա հետ մրցակցությանը:
Ըստ Reuters-ի՝ Թրամփը, որը պաշտոնը պետք է ստանձնի Գերմանիայում դաշնային ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, իր առաջին ժամկետում ավարտեց բանակցությունները Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև առաջարկվող առևտրային համաձայնագրի շուրջ և փոխարենը կարգավորեց ԵՄ-ի հետ մի շարք առևտրային վեճեր:
2024 թվականի ԱՄՆ ընտրություններից առաջ Թրամփը հայարարել է, որ բարձր մաքսատուրքեր կսահմանի ԵՄ ապրանքների վրա, ինչը հատկապես ծանր հարված կհասցնի Գերմանիայի առանց այն էլ հետամնաց տնտեսությանը, քանի որ Միացյալ Նահանգները գերմանական ապրանքների ամենամեծ գնորդն է:




























