2010 թվականի հուլիսի վերջին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած սպա Արտակ Նազարյանի գործով կարեւորագույն վկաներից մեկի` Արման Մնացականյանի ծառայության 2 տարին լրացել է 2011-ի դեկտեմբերի 4-ին, սակայն առ այսօր նա դեռ չի զորացրվել: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Արտակ Նազարյանի քույրը` լրագրող Ծովինար Նազարյանը:

Նրա խոսքով, Ա. Մնացականյանն Արտակ Նազարյանի սպանությունից հետո տեղափոխվել է Բերդ քաղաքի ռազմական ոստիկանության բաժին եւ այնտեղ ապօրինաբար պահվել է 23 օր, որից հետո նրա նկատմամբ կիրառելով վկայի պաշտպանության միջոց, տեղափոխել են Երեւանի ռազմական ոստիկանության զորամաս, որտեղ պահվում է առ այսօր:

«Արման Մնացականյանը այն առանցքային վկաներից է, ում նախաքննական ցուցմունքները կազմել են հանցագործության վարկածի եւ մեղադրանքի հիմքը: Հիմքեր կան պնդելու նաեւ, որ նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել ապօրինի մեթոդներով, Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում 23 օր պահելու արդյունքում: Հետեւաբար նրա ցուցմուքները շատ հաճախ հակասում են իրար»,- մանրամասնեց Ծովինար Նազարյանը;

Այնինչ Սեյրան Օհանյանը Արման Մնացականյանի հարզատներին հավատացրել է, որ զինվորը կզորացրվի, երբ նրա ծառայության ժամկետը լրանա: «Սեյրան Օհանյանը պարտավոր է զսպել ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող կառույցների, այդ թվում ռազմական ոստիկանության կամայականությունները, զերծ պահելու վկաներին ճնշումներից, ինչպես նաեւ կարգադրելու ՊՆ-ի քննչական ծառայությանը` նոր քրեական գործ սկսել Արտակ Նազարյանի մահվան հանգամանքերի վերաբերյալ եւ կատարել անաչառ, բազմակողմանի եւ լրիվ քննություն»,- առաջարկեց Ծովինար Նազարյանը: