Սպիտակ տունը հրաժարվում է քննարկել ճապոնական Nippon Steel եւ ամերիկյան U. S. Steel շինարարական ընկերությունների հայցերն ընդդեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ նրա վարչակազմի, քանի որ որոշվել է արգելափակել գործարքը երկու կորպորացիաների միջեւ։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը լրագրողների համար ճեպազրույցում։

«Մենք չենք խոսում հայցերի մասին։ Գիտեք, արդարադատության նախարարությունը զբաղվում է դրանով, ես չեմ պատրաստվում մեկնաբանել դա, եւ ես կարծում եմ, որ նախագահի ուրբաթ օրվա հայտարարությունը ներկայացնում է նրա մտքերը եւ այս գործարքն արգելափակելու իր պատճառները: Այնպես որ, ես ուղղակի ոչինչ չունեմ ավելացնելու, բացի նախագահի ասածից: Բայց, ինչպես մենք սովորաբար անում ենք, մենք չենք խոսի որեւէ դատական ​​գործընթացի մասին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Բայդենի՝ Լուիզիանա մեկնող ինքնաթիռում:

Ընկերությունները պնդում են, որ Բայդենի որոշումը՝ արգելափակելու U.S. Steel-ի ձեռքբերումը ճապոնական Nippon Steel-ի կողմից, «անօրինական քաղաքական միջամտություն է»:

Իր հայտարարության մեջ ամերիկյան վարչակազմի հեռացող ղեկավարը մեջբերել է ազգային անվտանգության եւ առեւտրի փորձագետների գնահատականը, որոնք կարծում են, որ «այս գործարքը կհանգեցնի ամերիկյան խոշորագույն պողպատե ընկերություններից մեկի արտաքին վերահսկողությանը եւ վտանգ կներկայացնի ազգային անվտանգության եւ մատակարարման առանցքային շղթաների համար»: