Այս տարվա ընթացքում արձանագրվել է ապօրինի որսի եւ ձկնորսության մոտ 200 խախտում, հարուցվել է 4 քրեական գործ, որպես տույժ, տուգանք եւ բնությանը պատճառված վնասի հատուցում պետբյուջե է մտել 17 մլն դրամ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, ասաց Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը` հավելելով, որ այս տարի ավելի շատ խախտումներ հայտնաբերվել են մինչեւ որսաշրջանի բացումը:
Ասուլիսի մյուս բանախոսը` Հայ որսորդների ազգային դաշինքի նախագահ Գրիգոր Գրիգորյանը, նշեց, որ Հայաստանում որսի սեզոնը բացվել է օգոստոսի 27-ին եւ կփակվի փետրվարի 29-ին, այն ունի երկու փուլ: Առաջին փուլն անցել է նորմալ, առանց միջադեպերի, «Որսորդները` գոհ, մենք` գոհ»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը: Երկրորդ շրջանում որսվող թռչունները, կենդանիները փոխվել են, այժմ կաքավի, նապաստակի որսի սեզոնն է: Ի դեպ,հայտնի չէ, թե որ կենդանուց քանի հատ կա Հայաստանում: Արթուր Բեգլարյանը նշեց, որ չնայած, օրենքով նախատեսված է, որ 5 տարին մեկ դրանք հաշվարկվեն, բայց 21 տարի է` հաշվարկ չի կատարվել, քանի որ բյուջեից գումար չի հատկացվել: Ինչ վերաբերում է առանձին կենդանիներ որսելու լիցենզիաներին, ապա դրանք վաճառվում են որսորդներին, օրինակ` այս տարի կա 10 վարազի թույլտվություն: Կրկնապատկվել են նաեւ պատճառված վնասների համար տուգանքները` 100 հազարից մինչեւ 250 հազար դրամ: Ամենաթանկը` հայկական մուֆկլոնի, հովազի, բեզոարյան այծի դեպքում է` 3 մլն դրամ:




























