Կիեւը պատրաստ է գերեվարված հյուսիսկորեացի զինվորներին հանձնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, եթե նա կազմակերպի նրանց փոխանակումը ռուսական գերության մեջ գտնվող ուկրաինացի զինվորների հետ, երեկոյան ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հյուսիսկորեացի այն զինվորների համար, որոնք չեն ցանկանում վերադառնալ, «կարող են լինել այլ ճանապարհներ»,- ավելացրել է Զելենսկին։ «Մասնավորապես, այն կորեացիները, որոնք ցանկություն են հայտնել մոտեցնել խաղաղությունը՝ տարածելով այս պատերազմի մասին կորեական ճշմարտությունը, նման հնարավորություն կստանան»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ «բացի Հյուսիսային Կորեայից գերի ընկած առաջին զինվորները, անշուշտ, կլինեն նաեւ ուրիշներ». նա դա անվանել է «ժամանակի հարց»։
Ուկրաինայի նախագահի հրապարակած տեսանյութում հարցաքննվում է վիրավոր զինվորականը, որն ասում է, որ Հյուսիսային Կորեայից է։ Հարցին, թե գիտի որտեղ է գտնվում եւ որ կռվում է Ուկրաինայի դեմ (նրան թարգմանում են ուկրաիներենից կադրի հետեւում), նա պատասխանում է, որ չգիտի, իսկ հրամանատարներն ասել են, որ դրանք ընդամենը զորավարժություններ են։ Երկրորդ զինվորն ասում է, որ ընտանիք ունի, բայց չգիտի, թե որտեղ է։ Երկուսին էլ հարցնում են, թե արդյոք ցանկանում են վերադառնալ Հյուսիսային Կորեա։ Մեկը դրական է պատասխանում, երկրորդն ասում է, որ ուզում է ապրել Ուկրաինայում։
Հարավային Կորեայի հետախուզությունը հավաստիացնում է, որ հյուսիսկորեական զորքերի կորուստները կազմում են մոտ 300 սպանված եւ 2 700 վիրավոր։




























