Եվրամիության երկրներն անհանգստանում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ բանակցություններից՝ առանց միության ներկայացուցիչների մասնակցության եւ պետությունների դիրքորոշումների հաշվառման։ Ինչպես նշել է Euractiv պորտալը՝ հղում կատարելով միության դիվանագետների շրջանում ունեցած աղբյուրներին, բանակցային գործընթացի շրջանակում ԵՄ-ը վտանգում է մնալ երկրորդային դերերում։
Աղբյուրները տեղեկացրել են, որ Եվրամիությունը ձգտում է ապահովել իր մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցություններին, սակայն միությունը «վտանգում է նստել միայն կողքի աթոռներին» բանակցային սեղանի շուրջ։ Ամենամտահոգիչն այն սցենարն է, որում «Թրամփը երկկողմ բանակցություններ կվարի Պուտինի հետ՝ շրջանցելով եվրոպացիներին»,- նշել են պորտալի աղբյուրները։
Նրանց տեղեկություններով՝ պոտենցիալ բանակցությունների ձեւաչափը դեռեւս անհայտ է, իսկ թղթի վրա կոնկրետ պլաններ առայժմ չկան։ Միաժամանակ, խոսելով բանակցությունների դասավորության մասին, դիվանագետներն ընդգծել են, որ ԵՄ-ը կցանկանար խուսափել նոր «մինսկյան ձեւաչափից», որը կարող է ԵՄ որոշ երկրների դուրս թողնել որոշումների կայացման գործընթացից։ Միեւնույն ժամանակ, եվրոպացի դիվանագետներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում բանակցություններին նախապատրաստվելու Թրամփի ներկայիս գործողությունները։ Նրանց կարծիքով, նրա հրաժարումը ուկրաինական հակամարտությունը «24 ժամում» վերջ տալու իր նախընտրական խոստումից հօգուտ ավելի իրատեսական վեց ամսվա ժամկետի՝ «լավ ազդանշան» է դարձել։
2024թ. հունիսի 14-ին Պուտինը արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նշել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման պայմանները, որոնց թվում նշվել է ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը Դոնբասի եւ Նովոռոսիայի շրջաններից, ՆԱՏՕ-ին Կիեւի անդամակցության մերժումը եւ երկրի ռուսալեզու քաղաքացիների իրավունքների ապահովումը։ Բացի այդ, Ռուսաստանն անհրաժեշտ է համարում չեղարկել իր դեմ արեւմտյան բոլոր պատժամիջոցները եւ Ուկրաինայի համար սահմանել արտադաշինքային եւ միջուկային զենքից զերծ կարգավիճակ։




























