Հունվարի 14-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի վրա, ինչի հետեւանքով Թաթարստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում հրդեհվել է գազի ցիստեռնը։ «Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները՝ հրդեհը մարելու համար։ Լսել եմ զեկույցները, զոհեր եւ լուրջ ավերածություններ չկան։ Քաղաքի բոլոր ձեռնարկություններն աշխատում են բնականոն հունով»,- հայտնել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։

Ինչպես հայտնել է «Вечерняя Казань»-ը, անօդաչուն հարվածել է «Казаньоргсинтез» քիմիական գործարանի մոտ գտնվող հեղուկ գազի բազային, որը կարող էր լինել անօդաչու թռչող սարքի թիրախը։ Այս դեպքում հարձակման համար օգտագործվել է հեռահար  «Лютый» անօդաչու թռչող սարքը, որը թուրքական «Բայրաքթար»-ի կրկնօրինակն է։ Անօդաչու թռչող սարքը կարող է թռչել մինչեւ 1 000 կիլոմետր եւ կրել մինչեւ 50 կիլոգրամ պայթուցիկ։ «Казаньоргсинтез»-ը, գործարանի կայքի տեղեկացմամբ, պոլիկարբոնատների, սեւիլենի եւ մետալոցենային պոլիէթիլենի  միակ ռուսական արտադրողն է, ինչպես նաեւ երկրում  բարձր եւ ցածր խտության պոլիէթիլենի ամենախոշոր արտադրողներից մեկը։

Նաեւ հունվարի 14-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սարատովի մարզի Էնգելս քաղաքում գտնվող «արդյունաբերական ձեռնարկության» վրա։ «Վնասվածքներ կան։ Արտակարգ իրավիճակների եւ օպերատիվ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով»,- ասել է նահանգապետ Ռոման Բուսարգինը։ «Осторожно, новости»-ի տվյալներով՝ հարվածը հասցվել է նավթի պահեստին, որը նախկինում անօդաչուների գրոհին էր ենթարկվել դեռ մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 8-ին: Դրանից հետո բազայում բռնկված կրակը 5 օր շարունակ մարել չի հաջողվել։ Հրդեհը մարելիս մահացել են 3-րդ վարչության 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի պետ Գենադի Աֆանասեւը եւ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ Ժասլան Տելեուպովը։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերը երեկ գիշեր անօդաչու սարքերով հարձակվել են Ռուսաստանի 12 շրջանների վրա։ Մասնավորապես, Ռոստովի մարզում խոցվել է 14 անօդաչու, Օրյոլի շրջանում՝ 17, Տուլայի շրջանում՝ 16, Սամարայի շրջանում՝ 15։ Նաեւ չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Կուրսկի մարզում, երեքական՝ Բելգորոդի եւ Բրյանսկի մարզերում, երկուսը Կրասնոդարի երկրամասում եւ մեկական՝ Վոլգոգրադի եւ Վորոնեժի մարզերում։ Անօդաչուի հարձակման ժամանակ Կազանի, Կալուգայի, Սարատովի, Տամբովի, Ուլյանովսկի եւ Պենզայի օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը։