Եվրոպացի պաշտոնյաները քննարկել են Ուկրաինային աջակցությունն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ եւ փորձել համոզել Կիեւին աջակցելու անհրաժեշտության մեջ։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ եվրոպացի պաշտոնյաները մի շարք առանձնազրույցներ են անցկացրել Թրամփի թիմի անդամների հետ եւ փորձել են համոզել նրանց շարունակել աջակցել Ուկրաինային։ Եվրոպացիների կարծիքով՝ հենց այս թեմայի քննարկման փաստը մեծացնում է հավանականությունը, որ ամերիկյան նոր վարչակազմը ակտիվորեն կօգնի Կիեւին նախքան որեւէ բանակցություն սկսելը։

Միեւնույն ժամանակ, եվրոպացի պաշտոնյաներն ասել են, որ ԱՄՆ նորընտիր նախագահը խորհուրդներ մերժելու եւ վերջին պահին իր դիրքորոշումը փոխելու համբավ ունի, եւ դժվար է որոշակիորեն կանխատեսել նրա որոշումը, գրել է գործակալությունը։

Թրամփի թիմի ներկայացուցիչը չի մեկնաբանել այս տեղեկությունը, հայտնել է Bloomberg-ը։