ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը առաջարկել է կայունացնել պատերազմից հետո Գազայի իրավիճակը միջազգային անվտանգության ուժերի և ՄԱԿ-ի ժամանակավոր ղեկավարության միջոցով՝ միաժամանակ նշելով, որ Իսրայելը, իր հերթին, պետք է համաձայնության գա Պաղեստինյան պետության ստեղծման ուղու շուրջ, հաղորդում է AFP-ն։
Բլինքենը ներկայացրել է իր երկար սպասված՝ ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետո Գազայի հետպատերազմյան զարգացման վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» նախքան իր պաշտոնավարման ավարտը մնացած օրերի ընթացքում։ Բլինքենը ընդունել է Իսրայելի մտահոգությունները, սակայն նոր մոտեցում ցուցաբերելու կոչ է արել։
«Մենք վաղուց ենք Իսրայելի կառավարության ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ՀԱՄԱՍ-ին հնարավոր չէ հաղթել միայն ռազմական արշավով», - ասել է Բլինքենը Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնում։
«Առանց հստակ այլընտրանքի, հետկոնֆլիկտային պլանի և պաղեստինցիների համար վստահություն ներշնչող քաղաքական հեռանկարների՝ ՀԱՄԱՍ-ը կամ նույնքան նողկալի և վտանգավոր մի բան կվերածնվի», - ասել է նա։ Բլինքենը հայտարարել է, որ Գազայի հատվածը պետք է գտնվի պաղեստինյան իշխանության վերահսկողության ներքո, որը ներկայումս իրականացնում է մասնակի վերահսկողություն Արևմտյան ափի նկատմամբ և բազմիցս ենթարկվել է Իսրայելի հարձակումներին։ Ընդունելով պաղեստինյան վարչակազմի սահմանափակումները՝ Բլինքենը նշել է, որ դեռևս չհաստատված թվով երկրներ առաջարկել են զորքեր և ոստիկանություն ուղարկել հետպատերազմյան Գազայի հատված։
Նա ասել է, որ «անվտանգության ապահովման ժամանակավոր առաքելությունը» կներառի թե՛ օտարերկրյա ուժեր, թե՛ «ստուգված պաղեստինյան անձնակազմ»։
«Մենք կարծում ենք, որ պաղեստինյան իշխանությունը պետք է հրավիրի միջազգային գործընկերներին՝ օգնելու Գազայում ստեղծել և կառավարել ժամանակավոր վարչակազմ, որը պատասխանատու կլինի հիմնական քաղաքացիական ոլորտների համար, ինչպիսիք են բանկային գործը, ջրամատակարարումը, էներգետիկան, առողջապահությունը», - ասել է Բլինքենը։
Պաղեստինյան իշխանությունը կհամակարգի իր գործողությունները Իսրայելի և միջազգային հանրության մնացած մասի հետ, որին կառաջարկվի տրամադրել ֆինանսավորում։
Բլինքենի խոսքով, այս ջանքերը կղեկավարի ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա, ինչը կամրագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
«Ժամանակավոր վարչակազմում կընդգրկվեն Գազայի պաղեստինցիներ և պաղեստինյան իշխանության ներկայացուցիչներ, որոնք կընտրվեն Գազայի համայնքների հետ կառուցողական խորհրդակցություններ անցկացնելուց հետո», - ասել է Բլինքենը։
Նրա խոսքով, ժամանակավոր վարչակազմը լիարժեք պատասխանատվությունը կփոխանցի լիովին բարեփոխված Պաղեստինի վարչակազմին, հենց որ դա հնարավոր դառնա։





























