ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը կարող է մինչև իր ժամկետի ավարտը կանխարգելիչ կերպով ներում շնորհել այն անձանց, որոնք զրկված են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բարեհաճությունից: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ Սպիտակ տան շատ աշխատակիցներ հավաքում են ճամպրուկները Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ, որը նախատեսված է հունվարի 20-ին, վարչակազմն ակնկալում է, որ Բայդենը մնացած ժամանակում կստորագրի ևս մի քանի գործադիր հրամաններ։ Մասնավորապես, Բայդենը հնարավոր է միջոցներ ձեռնարկի սեռով պայմանավորված խտրականության դեմ պայքարելու համատեքստում։

Բացի այդ, «Բայդենը դիտարկում է կանխարգելիչ ներման հնարավորությունը այն անձանց, որոնք կարող են զրկվել Թրամփի վարչակազմի բարեհաճությունից», - ընդգծում է թերթը։ Ըստ WP-ի՝ Բայդենի գործունեությունը նախագահական ժամկետի ավարտին «վկայում է նրա համոզմունքի մասին, որ Թրամփը յուրահատուկ սպառնալիք է ներկայացնում ամերիկյան ավանդույթների համար»։

2024 թվականի դեկտեմբերի սկզբին Թրամփը NBC News-ին ասել էր, որ չի ձգտի վրեժի իր հակառակորդների նկատմամբ: Իր կարծիքով, Միացյալ Նահանգների հաջողությունը կլինի ամենալավ հատուցումը: