Գրենլանդիան կրկին հայտնվել է առաջին էջերում այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրություն է Դանիայի կիսաինքնավար արկտիկական տարածքի գնման կամ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու վերաբերյալ։ Նման հայտարարությունները լայն հետաքրքրություն են առաջացրել․ իրականում ինչո՞վ է այդքան հետաքրքիր Գրենլանդիան։ Հետազոտողները պատասխանել են այս հարցին, գրում է IFLScience-ը։

Գրենլանդիան ծածկված է սառցային վահանով, որը երկրորդն է մեծությամբ և զիջում է միայն Անտարկտիդային։ Հնագույն սառույցի տակ թաքնված է հսկայական կիրճերի աշխարհ, նախապատմական բույսերի մնացորդներ, ինչպես նաև մարդկային գործունեության հետքեր։ Օրինակ, Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում թաքնված են ԱՄՆ ռազմական հետազոտական բազայի ավերակները։

Բայց դա դեռ ամենը չէ։ Տարածաշրջանի բարդ և եզակի երկրաբանական պատմությունը նաև այն անհավանական արժեքավոր է դարձնում 21-րդ դարում։ Ըստ էության, Գրենլանդիան իրենից ներկայացնում է չօգտագործված հանքային ռեսուրսների գանձարան, որոնք այդքան անհրաժեշտ են համաշխարհային տնտեսությանը։ Դեռևս 2023 թվականին գիտնականները պարզել են, որ Գրենլանդիայում թաքնված են 25 հանքանյութեր թվով 34-ից, որոնք Եվրահանձնաժողովը անվանել է «կրիտիկական հումք»։ Դրանց թվում են․

թանկարժեք մետաղներ՝ ոսկի և արծաթ,

արժեքավոր մետաղներ՝ կոբալտ, պղինձ, նիկել և լիթիում, որոնք անհրաժեշտ են մարտկոցների տեխնոլոգիայի համար,

թանկարժեք քարեր՝ այդ թվում օլիվին և սուտակներ։

Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ Գրենլանդիան իր մեջ պարունակում է ածխի, նավթի և գազի պաշարներ։ Սակայն տարածաշրջանն ունի հանածո վառելիքի արդյունահանման բավական բարդ պատմություն։ 1970-ական թվականներից տարածաշրջանում նավթի հանքավայրերի հետախուզություն են իրականացրել մի քանի ամերիկյան և եվրոպական կորպորացիաներ, սակայն նրանց ջանքերն անպտուղ են եղել։ 2021 թվականին Գրենլանդիան համարձակ քայլի է դիմել՝ դադարեցնելով նավթի հետախուզման և արդյունահանման հետագա ծրագրերը՝ հայտարարելով, որ բնապահպանական հետևանքները «չափազանց մեծ էին»։ Եվ այնուամենայնիվ, ԱՄՆ երկրաբանական ծառայության զեկույցում նշվում է, որ Արևելյան Գրենլանդիայի ռիֆտային գոտու տակ թաքնված է մինչև 31.4 միլիարդ բարել նավթ։

Սակայն Գրենլանդիայի հարուստ բնական պաշարները միակ բանը չեն, որ գրավում է ուշադրությունը։ Տարածաշրջանը նաև կարևոր դիրք է զբաղեցնում ԱՄՆ-ի համար Ռուսաստանի և Չինաստանի հետ հակամարտության մեջ․ վերջիններս Արկտիկան դիտարկում են որպես իշխանության ռազմավարական ասպարեզ։

Ըստ էության, Արկտիկայի վրա ազդող կլիմայի աղետալի փոփոխությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում, և այժմ շատ երկրներ հույս ունեն դրանցից օգտվել։ Գաղտնիք չէ, որ կլիմայի տաքացումը հանգեցնում է նրան, որ Արկտիկայում սառցաշերտը նվազում է։ Արդյունքում ջրերը, այդ թվում՝ Հյուսիս-արևմտյան անցումը, կարող են օգտագործվել ավելի արագ նավագնացության երթուղիների համար։ Պարզ ասած՝ նրանք, ում կհաջողվի վերահսկել տեղական ջրերը, հսկայական առավելություն կստանան։