Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը կոչ է արել երկրի իշխանություններին գրավել Գազայի հատվածը և ռազմական կառավարություն հաստատել՝ սպառնալով տապալել կառավարությունը, եթե դա չանի, գրում է Times of Israel-ը։

Ելույթ ունենալով բանակային ռադիոյի եթերում՝ ծայրահեղ արմատական նախարարը հայտարարել է, որ Իսրայելը «պետք է գրավի Գազան և ստեղծի ժամանակավոր ռազմական կառավարություն, քանի որ ՀԱՄԱՍ-ին հաղթելու այլ ուղի չկա»:

«Ես կտապալեմ կառավարությունը, եթե այն չվերադառնա ռազմական գործողությունների, որոնք (կհանգեցնեն նրան, որ մենք) կնվաճենք մբաողջ Գազայի հատվածը և կկառավարենք այն»,- ասել է նա՝ սուր քննադատության ենթարկելով Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևիին «ռազմավարության թուլության համար»:

«Եթե ես լինեի վարչապետ, կասեի աշխատակազմի ղեկավարին՝ սա իմ քաղաքականությունն է, եթե ​​չեք կատարում, տուն գնացեք»,- ասել է Սմոտրիչը։

Նա նաև պնդում է, որ Իսրայելը ստանձնի Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր նախորդ հայտարարություններում ասել էր, որ Իսրայելը Գազայի հատվածը գրավելու կամ մշտապես օկուպացնելու ծրագրեր չունի։