Կիրակի օրը Գազայի հատվածում մարտական գործողությունները դադարել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի համաձայնագրի շնորհիվ, որն ուժի մեջ է մտել կարճատև հապաղումից հետո՝ դադարեցնելով 15-ամսյա ավերիչ պատերազմը, հայտնում է Reuters-ը։

Գազայի բնակիչները և մի բուժաշխատող վկայել են, որ համաձայնագրի վերջնական ուժի մեջ մտնելուց արդեն կես ժամ առաջ իրենք նոր մարտերի կամ ռազմական հարվածների ձայներ չեն լսել:

Գազայում գործող բժիշկներն ասել են, որ Իսրայելի ավիահարվածները, հրետանու և տանկերի ռմբակոծությունները Գազայի հյուսիսում շարունակվել են նաև նախնական վերջնաժամկետից հետո, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 13 պաղեստինցի և տասնյակ մարդիկ են վիրավորվել։

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ օդային և հրետանային հարվածներ են հասցրել «ահաբեկիչների թիրախներին»:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է մեղադրել ձգձգման մեջ, քանի որ պաղեստինյան խմբավորումը չէր ներկայացրել ազատ արձակվող պատանդների ցուցակը։ 

«ՀԱՄԱՍ-ը ստիպված է եղել նշել առաջին կին պատանդների անունները, որոնք պետք է ազատ արձակվեին երեկ ժամը 16.00-ին (կիրակի օրը Գրինվիչի ժամանակով ժամը 14․00-ին),- հրադադարի մեկնարկից անմիջապես հետո լրագրողներին է հայտարարել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը:- Մենք ցուցակը ստացել ենք սահմանված ժամկետից ավելի քան 18 ժամ անց»:

ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ ձգձգումը պայմանավորված է եղել «տեխնիկական» պատճառներով՝ չխորանալով մանրամասների մեջ: