Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարի Խանը հինգշաբթի հայտարարել է, որ ձերբակալության օրդեր է պահանջել աֆղանական թալիբների երկու բարձրաստիճան գործիչների նկատմամբ՝ կանանց նկատմամբ ճնշումների համար, հաղորդում է Associated Press-ը:

Խանը հայտարարության մեջ ասել է, որ դատավորներին խնդրել է ձերբակալության օրդեր տալ խմբավորման բարձրագույն ղեկավար Հիբաթուլլահ Ախունզադային և Աֆղանստանի Գերագույն դատարանի ղեկավար Աբդուլ Հակիմ Հաքքանիին՝ տղամարդկանց մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների և գենդերային հալածանքների մեջ:

«Այս հայտարարություններն ընդունում են, որ աֆղան կանայք և աղջիկները, ինչպես նաև ԼԳԲՏ+ համայնքը բախվում են աննախադեպ, անխիղճ և շարունակական հետապնդումների թալիբների կողմից», - ասել է Խանը:

2022 թվականին Հաագայի դատարանի դատավորները բավարարել են Աֆղանստանի հետաքննությունը վերսկսելու դատախազի խնդրանքը։ Հետաքննությունը կասեցվել է այն բանից հետո, երբ Քաբուլը հայտարարել է, որ կարող է հետաքննությունն ինքն իրականացնել:

Խանը ասել է, որ ցանկանում է վերսկսել հետաքննությունը, քանի որ թալիբների օրոք Աֆղանստանում «այլևս չկա իրական և արդյունավետ ներքին հետաքննության հեռանկար»: