Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն պոպուլիզմի դրսեւորումներ ու ամբոխահաճո երեւույթներ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան, որ մրցապայքարը լինի հավասար պայմաններում:
«Իշխանությունը պետք է ավելի հանդուրժող լինի: Ակնկալում եմ, որ ուժերը կգնան ոչ թե վիրավորանքների, այլ փոխադաձ հարգանքի ճանապահով»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն օրերս նշել էր, որ իշխող կուսակցությունները բարեգործական ակցիաներ են անում, տոմսեր են բաժանում, Շարմազանովն արձագանքեց. «Անակնկալ չէ այդ հայտարարությունը: Ընդդիմություն է, որը պետք է քննադատի արածի եւ չարածի համար: Ես չեմ կիսում այդ հայտարարությունը: Պարոն Հովհաննիսյանը արտահայտել է իր կարծիքը, որի հետ ես համաձայն չեմ»:




























