Չեչնիայի ղեկավարի զարմիկ Շահրուդդի Էդիլգիրիեւը չորս շքեղ առանձնատուն ունի Դուբայում՝ ավելի քան 20 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Այս մասին վկայում է Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ քաղաքում անշարժ գույքի մասին տվյալների արտահոսքը, գրել է «Важные истории»-ն։  Լրագրողների տնօրինության տակ հայտնված տեղեկության համաձայն՝ Էդիլգիրիեւն առաջին վիլլան գնել է Zabeel Investment դեւելոփերից 2022թ. դեկտեմբերին։ 1 026 քառակուսի մետր մակերեսով օբյեկտը Փալմ-Ջումեյրա արհեստական կղզում նրա վրա 53 մլն դիրհամ է նստել (14,4 մլն դոլար)։ Դա տուն է օսմանյան ոճի հինգ ննջասենյակներով, մեկը «Թագավորական վիլլաներից», որը մեկուսի գտնվում է Zabeel Saray հյուրանոցային համալիրի տարածքում։

Նախքան Էդիլգիրեւի կողմից տունը գնելը՝ այն վարձով էր տրվում հյուրերին, որոնք «շքեղություն, հարմարավետություն եւ բացառիկ միայնություն էին փնտրում»։ Իր հետաքննությունում «Украинская правда»-ն ավելի վաղ գրել էր, որ Կադիրովը այդ վիլլան օգտագործել է որպես Չեչնիայի «ոչ պաշտոնական դեսպանություն»2014-ից։ Այդ տանն է մնացել Չեչնիայի Հանրապետության ղեկավարի այն ժամանակվա ներկայացուցիչը արաբական եւ մահմեդական երկրներում՝ Կադիրովի մեկ այլ զարմիկ Տուրկո Դաուդովը։ Ինչպես իր զեկույցում գրել է Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտը, վերջինիս ջանքերի շնորհիվ է, որ Մերձավոր Արեւելքի երկրները չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Ուկրաինայի պատերազմի պատճառով։

2023թ. հոկտեմբերին Էդիլգիրիեւը Դուբայում ձեռք է բերել եւս երեք շքեղ վիլլա։ Դրանք գտնվում են քաղաքի ցամաքային հատվածում եւ ընդհանուր առմամբ արժեցել են մոտ 6 մլն դոլար։ Նա գնումը կատարել է այն բանից երկու օր հետո, երբ Կադիրովը շնորհավորել էր իրեն տաևեդարձի առիթով։ Էդիլգիրիեւը Կադիրովի երեք զարմիկներից ամենաերիտասարդն է։ Նրանք, ինչպես Չեչնիայի ղեկավարը, ծնվել են Ցենտորոյ գյուղում, նրանց մայրը Ռամզանի հոր՝ Ահմաթ Կադիրովի քույրն է։ Եղբայրներից ավագը՝ Ամրուդի Էդիլգիրիեւը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Չեչնիայի իշխանություններում, իսկ այժմ պատասխանատու է հանրապետությունում մզկիթների կառուցման համար։ Միջնեկ եղբայրը՝ Փահրուդդի Էդիլգիրիեւը, ըստ Der Spiegel-ի, աշխատել է որպես Կադիրովի անվտանգության աշխատակից եւ հետախուզման մեջ է գտնվում Եվրամիության կողմից իրավապաշտպան Մուհամադ Աբդուռահմանովի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով։

Կադիրովը ամուր կապեր ունի ԱՄԷ-ի հետ։ Միայն 2021-2022թթ. նրա մասնավոր ինքնաթիռը երկիր է թռել առնվազն 14 անգամ, հաշվել են «Украинской правды»-ի լրագրողները։ FlightRadar24-ի տվյալներով՝ Կադիրովի ինքնաթիռը 2023-2024թթ. առնվազն չորս անգամ այցելել է Դուբայ եւ շրջակա տարածք: Կադիրովը բազմիցս ուղեկցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄԷ պաշտոնական այցերի ընթացքում, իսկ երկրի նախագահ, շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահայանին նա անվանել է սիրելի եղբայր։