Շվեդիայի առաջին փոքր ռազմական կապի արբանյակը (GNA-3) տիեզերք է արձակվել ԱՄՆ-ից 2024 թվականի օգոստոսի 16-ին։ Այս մասին հայտնել է Շվեդիայի կառավարության գրասենյակը։

GNA-3-ի և ավելի քան 110 միկրոարբանյակների արձակումը Falcon 9 արձակման մեքենայի միջոցով տեղի է ունեցել Կալիֆորնիա նահանգի Վանդենբերգ ամերիկյան ռազմաբազայից։ Հայտարարության մեջ ասվում է, որ շվեդական ապարատը շահագործվում է զինված ուժերի կողմից և հանդիսանում է «փորձնական նախագիծ»՝ նախքան այլ արբանյակների արձակումը։ «Սա մեր տիեզերական ճանապարհորդության առաջին քայլն է, և մենք անհամբեր սպասում ենք զինված ուժերի տիեզերական հնարավորությունների հետագա զարգացմանը»,- ասել է թագավորության պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։

Շվեդիայի զինված ուժերը նախագիծն իրականացրել են Շվեդիայի պաշտպանության հետազոտական հաստատության (FOI) և Շվեդական տիեզերական կորպորացիայի (SSC) հետ համագործակցությամբ։ «Տիեզերքի դերը՝ որպես ռազմավարական և գործառնական տիրույթ, գնալով ավելի պարզ է դառնում աճող թվով դերակատարների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համար: Շվեդիան ունի ռազմավարական ռեսուրսներ, ինչպիսիք են արդյունաբերական ներուժը, նորարարական հզորությունը և ենթակառուցվածքները, ներառյալ Esrange տիեզերական բազան Կիրունայում: Սա մեզ թույլ է տալիս եզակի հնարավորություններ առաջարկել որպես ՆԱՏՕ-ի դաշնակից»,- մատնանշել է գրասենյակը։