Նոր Զելանդիայում լեռն այժմ իրավաբանորեն մարդ է ճանաչվել այն բանից հետո, երբ կառավարությունը նրան է տրանադրել մարդու բոլոր իրավունքներն ու պարտականությունները, հայտնում է Sky News-ը։
Նոր օրենքը լրացուցիչ պաշտպանություն է ապահովում Տարանակի լեռան համար, որն այժմ հայտնի է որպես Տարանակի Մաունգա, իր մաորիական անվանումով, և նշանակում է, որ այն օժտված է մարդու բոլոր իրավունքներով, լիազորություններով, պարտականություններով ու պատասխանատվությամբ:
Այն Նոր Զելանդիայի կառավարության և բնիկ մաորի ցեղերի միջև կնքված համաձայնագրի մի մասն է։ Վերջիններս երկար ժամանակ 8261 ոտնաչափ բարձրությամբ լեռը համարում էին իրենց նախահայրը: Լեռն ունի «Տե Կահուի Տուպուա» անունը, որն ըստ օրենքի դիտարկվում է որպես «կենդանի ու անբաժանելի ամբողջություն»։
Լեռը ներառում է Տարանակին և նրա շրջակա գագաթներն ու հողերը՝ դրանց «ֆիզիկական և մետաֆիզիկական բոլոր տարրերով» հանդերձ։
Օրենքի համաձայն, մաորի-իվի բնիկ ցեղերի չորս ներկայացուցիչ և ևս չորսը, որոնք կնշանակվեն երկրի բնապահպանության նախարարի կողմից, կստեղծեն նոր մարմին, որը հանդես կգա լեռան «դեմքի և ձայնի» կարգավիճակով:
Իրավական ճանաչումը նաև հաստատում է Նոր Զելանդիայի գաղութացումից հետո մաորի ցեղերից Տարանակի լեռան կողոպուտը և պարտավորեցնում է փոխհատուցել բնիկներին այն ժամանակներից ի վեր այդ հողին հասցված վնասի համար:
Չնայած նոր օրինագծին, որը միաձայն ընդունվել է խորհրդարանի կողմից, լեռը կմնա հասարակության համար հասանելի վայր։





























