Սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի անդամներից Անդրանիկ Հակոբյանի հարազատներին իրավապահները խոստացել են ազատ արձակել զենք հանձնելու դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, ով Անդրանիկ Հակոբյանի հայրն է:
«Թեեւ որդիս անմեղ է, բայց ասացին, որ կամ պետք է զենք տանք, որ ազատ արձակվի կամ կալանքը կերկարաձգեն ու կպահեն անազատության մեջ: Բայց որ զենք չունենք որտեղի՞ց տանք: Չտվեցինք, ոչ էլ բաց թողեցին: Ողջ տունը տակնուվրա արեցին, բայց նույնիսկ փամփուշտ չգտան: Արդյունքում` 2.8 գրամ նարկոտիկ գրեցին վրան, որի համար տուգանք է հասնում, այնինչ կալանքը շարունակաբար երկարաձգում են»,- դժգոհեց Սուրեն Հակոբյանը եւ ավելացրեց, որ նոյեմբերի 25-ին որդու կալանքը եւս երկու ամսով երկարաձգել են:
Նրա խոսքով, դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանում Անդրանիկ Հակոբյանի դատապաշտպանը բողոքարկելու է կալանքի որոշումը: «Թեեւ, իմ տղան թմրանյութ չի օգտագործել եւ պահել, բայց 2.8 գրամ թմրանյութ պահելու համար տուգանք է հասնում կամ 500 հազարից մինչեւ 1 միլիոն գրավի դիմաց կարող են ազատ արձակել մինչեւ, որ դատը լինի»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը:
NEWS.am-ը զրուցեց նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ պարզելու համար, թե ճի՞շտ է, որ իրավապահներն առաջարկել են Անդրանիկ Հակոբյանին ազատ արձակել զենքի դիմաց, ինչին ի պատասխան նա ասաց. «Ոչ, չի կարող նման բան լինել»:
Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:



























