Փետրվարի 6-ի գիշերը ուկրաինական բանակը հարվածներ է հասցրել Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկի օդանավակայանին։ Տեղի բնակիչները հայտնել են մի քանի անօդաչու թռչող սարքերի եւ պայթյունների մասին:

Ավելի ուշ Պրիմորսկո-Ախտարսկի շրջանի ղեկավար Մաքսիմ Բոնդարենկոն հայտնել է քաղաքում հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) աշխատանքի մասին։ Նա նաեւ խնդրել է մարդկանց չլուսանկարել եւ չտեսագրել։ «Բեկորների անկման հետեւանքով հրդեհ է բռնկվել տեղի օդանավակայանի մոտ գտնվող տարածքներից մեկում»,- գրել է Shot։

Ավելի ուշ Պրիմորսկո-Ախտարսկի օդանավակայանի դեմ գրոհը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր ֆեյսբուքյան էջում։ Նրանք նշել են, որ հարվածը հասցվել է անօդաչու համակարգերի ստորաբաժանման կողմից։ Օդանավակայանն օգտագործվում է «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակման եւ օդանավերի պահպանման համար: «Թիրախային հատվածում հաստատվել են հարվածներ եւ պայթյուններ։ Հրդեհ է սկսվել։ Հարձակման հետեւանքները ճշտվում են»,- հայտնել է ուկրաինական կողմը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր ՀՕՊ-ը ռուսական տարածքում ոչնչացրել է ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 13-ը՝ Ազովի ծովում, ութը՝ Ռոստովի մարզում, վեցը՝ Կրասնոդարի մարզում, մեկը՝ Աստրախանի մարզում։