Պենտագոնի ղեկավար Փիտ Հեգսեթը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պայմանավորվել են համակարգել Իրանին հակազդելու ջանքերը: Այս մասին նշվել է ամերիկյան ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Ինչպես նշվել է փաստաթղթում, Հեգսեթը եւ Նեթանյահուն «համաձայնել են, որ Իրանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգության համար, եւ պայմանավորվել են համատեղ աշխատել այս խնդրի լուծման համար»։
Հանդիպման ընթացքում Հեգսեթը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը «100 տոկոսով հավատարիմ է մնում» Իսրայելի անվտանգությանը։ «Նախարարն ընդգծել է, որ վարչակազմը կաջակցի Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»,- նշվել է Պենտագոնի հաղորդագրությունում:
Ավելի վաղ Axios պորտալը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուն ծրագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում փորձել համոզել նրան Իսրայելի բանակին մատակարարել զենք, որը կարող է ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են խոր գետնի տակ։ Պորտալի զրուցակիցները նշել են, որ նման հարված կարող է հասցվել, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման բանակցությունները ձախողվեն։





























