Թեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը չի հասկանում դիվանագիտության լեզուն։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Բանակցությունները պայմաններ են ենթադրում։ Ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, եւ հայտարարված առավելագույն ճնշումը ոչ մի կերպ չի նպաստում բանակցություններին։ Մենք ասում ենք ո՛չ հակառակ կողմի հետ բանակցություններին, քանի որ նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն։ Աշխարհը տեսավ, որ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) ստորագրվեց Իրանի ջանքերի արդյունքում, բայց ամեն ինչ ավարտվեց նրանց միակողմանի դուրս գալով»,- մամուլի ասուլիսում ընդգծել է կառավարության ներկայացուցիչը։

Պատասխանելով Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների հնարավոր սահմանման մասին հարցին՝ Մոհաջերանին նշել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը կանխատեսելի էր, եւ կառավարությունն ունի գործողությունների պլան։