Գերմանական Helsing պաշտպանական ընկերությունը 2025թ. Ուկրաինա կմատակարարի արհեստական ինտելեկտով հագեցած 6 հազար կամիկաձե անօդաչու թռչող սարք, գրել է Bild թերթը։
Խոսքը HX-2 մոդելի անօդաչու թռչող սարքերի մասին է՝ թռիչքի մինչեւ 100 կիլոմետր հեռահարությամբ։ Անօդաչու թռչող սարքը զարգացնում է 220 կմ/ժ արագություն եւ կարող է կրել տանկերի եւ շենքերի դեմ զինամթերք։ Պարբերականը նշել է, որ արհեստական բանականությունը թույլ կտա անօդաչու սարքերին խուսափել ռադիոէլեկտրոնային պայքարի հետեւանքներից եւ գործել եղանակային վատ պայմաններում։ Անօդաչու թռչող սարքը կարող է նաեւ ինքնուրույն իրականացնել հարձակման վերջին փուլը՝ առանց օպերատորի մասնակցության։
2024թ. Helsing-ն արդեն 4 հազար անօդաչու թռչող սարք է ուղարկել Կիեւ։ Նոր մատակարարումը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն եվրո եւ պետք է ֆինանսավորվի Ուկրաինային տրամադրվող 3 մլրդ եվրոյի օգնության փաթեթից, որը մինչ այժմ արգելափակում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Սակայն Helsing-ը վստահ է, որ Գերմանիայի հաջորդ կառավարությունը միջոցներ կհատկացնի։ Անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար ընկերությունը նոր գործարան է բացել հարավային Գերմանիայում, որի գտնվելու ճշգրիտ վայրը գաղտնի է պահվում: Մեկ ամսում կթողարկվի հազար դրոն։





























