Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկում էր ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու հարցը, Կրեմլը Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկել է գործարք կնքել ռուսական բնական պաշարների վերաբերյալ։
Ռուսաստանը կարծում է, որ ամերիկյան նավթային ընկերությունները կարող են վերադառնալ երկիր, եւ բացի այդ, նա շահագրգռված է Արկտիկայում ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերով, Սաուդյան Արաբիայում բանակցությունների մեկնարկից առաջ ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը, գրել է The Moscow Times-ը։
Դմիտրիեւի՝ Վլադիմիր Պուտինի կողմից Էր Ռիադում ամերիկացիների հետ հանդիպման համար ընտրված երեք պատվիրակներից մեկի խոսքով, Մոսկվան կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնումը։
ԱՄՆ խոշոր նավթային ընկերությունները «շատ հաջող բիզնեսներ ունեին Ռուսաստանում»,- ասել է Դմիտրիեւը։ «Մենք հավատում ենք, որ ինչ-որ պահի նրանք կվերադառնան, որովհետեւ ինչո՞ւ նրանք պետք է հրաժարվեն բնական ռեսուրսների հասանելիության հնարավորությունից, որը նրանց ընձեռում է Ռուսաստանը»:
«Մենք նաեւ պետք է համատեղ նախագծեր անենք, ներառյալ, օրինակ, Արկտիկայի եւ այլ ոլորտներում համատեղ նախագծերը, որոնք թույլ կտան մեզ ավելի հաջողակ լինել»,- շարունակել է Դմիտրիեւը: Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերություններն իբր 300 մլրդ դոլար են կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, իսկ Ջո Բայդենի վարչակազմը «շատ սխալ ուղերձներ է հղել» ռուսական տնտեսության վիճակի մասին։
Մինչեւ Ուկրաինա ներխուժելը Ռուսաստանում նավթի արդյունահանմամբ զբաղվում էր միայն մեկ ամերիկյան խոշոր ընկերություն՝ Exxon Mobil-ը, որին պատկանում է «Սախալին-1» նախագծի 30 տոկոսը: Պատժամիջոցների սահմանումից հետո ընկերությունը հայտնել էր նախագծից դուրս գալու մասին, սակայն այդպես էլ չէր կարողացել վաճառել բաժնետոմսերը. ի սկզբանե ենթադրվում էր, որ դա տեղի կունենա 2023թ., սակայն Կրեմլը երկու անգամ երկարաձգել էց ժամկետը՝ վերջին անգամ մինչեւ 2026թ. վերջը:
Պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից հեռանալու մասին հայտարարել էին նաեւ ամերիկյան նավթային առաջատար ընկերությունները՝ Halliburton-ը, Schlumberger-ը եւ Baker Hughes-ը, որոնց օգնությամբ երկիրը կարողացավ վերականգնել արտադրությունը վերջին տարիներին ԽՍՀՄ փլուզումից հետո։ Նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ մինչեւ 2025թ. երկիրը ստեղծի հորատման եւ ածխաջրածինների հետախուզման սեփական տեխնոլոգիաներ, եւ որ դրանց մասնաբաժինը հասնի 80 տոկոսի:
Բայց իրականում հիդրավլիկ ճեղքման սարքավորումների կեսից ավելին՝ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մեծացնել հորերի վերականգնումը, ինչպես նաեւ դժվար արդյունահանվող նավթի արդյունահանումը, դեռեւս «մատակարարվում» է «անբարյացակամ» երկրներից: Իսկ որոշ դիրքերի, օրինակ՝ ռոտորային կառավարվող համակարգերի համար ներմուծումից կախվածությունն ընդհանուր է եւ կազմում է 100 տոկոս, հաշվարկել են «Յակով եւ գործընկերներ»-ի փորձագետները։
ՌԴ կառավարությունը «Մինչեւ 2050թ. հանքահումային ռեսուրսների բազայի զարգացման ռազմավարության» մեջ ընդունել է, որ օգտակար հանածոների արդյունահանման եւ հետախուզման գործում առկա է կախվածություն ներմուծվող սարքավորումներից: Այն կազմում է հորատման սարքավորումների ավելի քան 90 տոկոսը, լեռնահանքային մեքենաների 50 տոկոսը, վերգետնյա երկրաֆիզիկական սարքավորումների 30 տոկոսը, նշվել է փաստաթղթում։





























