ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը լիովին կախված է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների առաջընթացից և առայժմ հայտնի չէ, թե երբ այն կարող է տեղի ունենալ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նման հանդիպումները հենց այնպես չեն լինում։ Պետք է իմանանք, թե ինչ է քննարկվելու, ինչ արդյունքներ կարելի է ակնկալել։ Հանդիպման ժամկետը մեծապես կախված է նրանից, թե արդյոք կարելի է առաջընթաց գրանցել հակամարտությունը դադարեցնելու հարցում»,- ասել է Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պաշտոնապես վերսկսել է ուղիղ երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ հասկանալու համար՝ պատրաստ է այն արդյոք խաղաղ բանակցությունների։ «Նախագահը ցանկանում է իմանալ՝ արդյո՞ք ռուսները լրջորեն են վերաբերվում պատերազմի ավարտին, և եթե այո, ապա ինչ պայմաններում»,- պարզաբանել է Ռուբիոն։
Միաժամանակ, Պետդեպարտամենտի ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը միակողմանի որոշում չի կայացնի Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին և այս հարցում կապի մեջ է Եվրամիության գործընկերների հետ, ինչպես նաև կապ է պահպանում Կիևի հետ։ «Ռուսաստանը չի կարող հրադադար կնքել առանց նրանց [Ուկրաինայի] համաձայնության, ինչպես մենք չենք կարող չեղարկել պատժամիջոցներն առանց Եվրոպայի մասնակցության։ «Բոլորը պետք է ներգրավված լինեն»,- ընդգծել է Ռուբիոն։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը չի քննարկել Մոսկվայի նկատմամբ սահմանափակումների վերացումը և տարածքային զիջումները, որոնք Կրեմլը պահանջում է Կիևից։





























