Նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա գլխավոր խորհրդականները հավաքվել են Օվալաձեւ աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո, նախքան Թրամփը որոշում կկայացնի. Զելենսկին պետք է հեռանա, գրել է Axios-ը։
Կիեւի պատվիրակությունը մոտ մեկ ժամ սպասել է մեկ այլ սենյակում՝ դեռ հույս ունենալով ստորագրել հանքանյութերի մասին համաձայնագիրը եւ փրկել այցը։ Դեռ նախատեսված էր Թրամփի եւ Զելենսկու ճաշը եւ համատեղ մամուլի ասուլիսը։
Այնուհետեւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցը «դուրս եկան Օվալաձեւ աշխատասենյակից, գնացին այնտեղ, որտեղ նստած էր Զելենսկին եւ ասացին նրան, որ հեռանա»,- Axios-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:
Այցն ավարտվել է առանց օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնության եւ ԱՄՆ շարունակական աջակցության երաշխիքների:
Թրամփը գրառում է կատարել Truth Social-ում՝ ասելով, որ Զելենսկին «անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ իրենց նվիրական Օվալաձեւ աշխատասենյակում: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»։
Տողերի արանքում
Սպիտակ տան ներկայացուցիչը պնդել է, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցած վիճաբանությունը միտումնավոր դարան չի եղել: «Մեր ծրագիրն էր ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը, մտնել այս տնտեսական գործընկերության մեջ եւ շարժվել դեպի խաղաղություն»:
Բանակռիվն սկսվել է այն բանից հետո, երբ փոխնախագահ Վենսը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտությունը խաղաղության միակ ճանապարհն է։ Նյարդայնացած Զելենսկին պատասխանել է մենախոսությամբ, թե ինչպես է Պուտինը խախտել նախկին պայմանավորվածությունները։ «Ի՞նչ դիվանագիտության մասին եք խոսում»,- հարցրել է նա։
Վենսը եւ Թրամփը երկուսն էլ մեղադրել են Զելենսկուն անհարգալից վերաբերմունքի մեջ, եւ Զելենսկին բազմիցս փորձել է խոսք ասել, քանի որ նախագահի եւ փոխնախագահի հռետորաբանությունը աստիճանաբար թշնամական էր դառնում, երբ Թրամփը մի պահ մեղադրել է Զելենսկուն «Երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղալու մեջ»:
Հանդիպումից հետո ԱՄՆ դաշնակիցներն արագ հավաքվել են Զելենսկու թիկունքում, իսկ Կապիտոլիումի բլրի դեմոկրատները դատապարտել են Թրամփին:
Բայց Թրամփի օգնականները մեղքն ուղղակիորեն բարդել են Զելենսկու վրա։ «Նա կարող էր պարզապես ընդունել փոխնախագահի խոսքերը եւ առաջ շարժվել, բայց նա չկարողացավ ստիպել իրեն դա անել»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Անկախ այն բանից, թե այս վիճաբանությունը Զելենսկու սխալն էր, թե ոչ, Ուկրաինայի համար հետեւանքները կարող են լուրջ լինել։ Զելենսկին խոստովանել է, թե որքանով է իր բանակը կախված ԱՄՆ հետագա օգնությունից, որը մնում է խիստ անորոշ:
Եվ Թրամփը բոլորովին չէր սխալվում, երբ բազմիցս ասում էր Զելենսկուն, որ նա թեւքի մեջ «խաղաթղթեր» չունի՝ առանց ԱՄՆ աջակցության պատերազմի ելքի վրա ազդելու համար:
Սենատոր Լինդսի Գրեմը (հանրապետական Հարվային Կարոլինայից), որը հանդիպել է Զելենսկու հետ Թրամփի հետ հանդիպումից առաջ, լրագրողներին ասել է, որ խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահին «դրական բաներ խոսել»։ «Ես չգիտեմ, թե արդյոք մենք երբեւէ նորից կկարողանանք բիզնես վարել Զելենսկու հետ»,- ասել է Գրեմը:
Մի փոքր, բայց նշանակալի գործոնը, որը նյարդայնացնում էր Թրամփին, այն էր, որ Զելենսկին կոստյում չէր կրում, Axios-ին հայտնել են իրավիճակին անմիջականորեն տեղյակ երկու աղբյուրներ:
Թրամփի խորհրդականները բազմիցս ասել են Զելենսկու թիմին, որ ավելի հարգալից կլինի, եթե Զելենսկին հրաժարվի իր զինվորական համազգեստից Սպիտակ տուն այցի ժամանակ։ Զելենսկին Սպիտակ տուն է ժամանել Ուկրաինայի ազգային խորհրդանիշով ավելի պաշտոնական սեւ հանդերձանքով, բայց առանց կոստյումի։
«Նա այսօր լիովին հագնված է»,- ասել է Թրամփը՝ սեղմելով Զելենսկու ձեռքը Արեւմտյան թեւի մուտքի մոտ:
Ամերիկացի պաշտոնյաները կասկածում էին, որ Թրամփի եւ Զելենսկու միջեւ ինչ-որ պահի կարող է լինել եւս մեկ բռնկում՝ հիմնվելով օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի շուրջ նրա մոտեցման վրա:
«Ուկրաինացիները օրեր շարունակ խաբում էին մեզ օգտակար հանածոների հետ կապված այս գործարքով, եւ այսօր շրջադարձային կետն է»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան: «Վաշինգտոնում Զելենսկու համար դատարկ չեկերի դարաշրջանն ավարտվել է, եւ նա դա չի գիտակցել»:
Իրենց հերթին, ուկրաինացիները զայրացած էին, որ Թրամփը փորձում էր իրենց անհավասար գործարք պարտադրել, երբ ԱՄՆ-ը արդեն բացառել էր նրանց Ռուսաստանի հետ Ուկրաինայի ապագայի շուրջ բանակցություններից:
Եվ երբ ուրբաթ օրը սկսվեց հանդիպումը, Զելենսկին ակնհայտորեն վրդովված էր, որ իրեն դասախոսություններ էին կարդում սեփական երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին:
Սպիտակ տնից հեռանալուց հետո Զելենսկին չեղյալ է հայտարարել իր հաջորդ երկու հանրային միջոցառումները եւ կարճ հայտարարություն տարածել X-ի եթերում՝ շնորհակալություն հայտնելով ամերիկացի ժողովրդին, Կոնգրեսին եւ Թրամփին աջակցության համար։ «Ուկրաինային արդար եւ երկարատեւ խաղաղություն է պետք, եւ մենք հենց դրա համար ենք աշխատում»,- գրել է նա։





























