Տաջիկստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում, հայտնում է Ռադիո Օզոդին։
Ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ ընտրություններին մասնակցում են գրանցված յոթ կուսակցություններից վեցը, բացառությամբ Տաջիկստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության:
2025 թվականի Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում 63 պատգամավորական մանդատի համար պայքարելու է 220 թեկնածու՝ 152-ը 41 միամանդատ ընտրատարածքներում և 68-ը մեկ միասնական հանրապետական ընտրատարածքում կուսակցական ցուցակներով․ իշխող Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունից 28, Կոմունիստական կուսակցությունից 5, Դեմոկրատական կուսակցությունից 3 թեկնածու, և 13-ական թեկնածու Տնտեսական բարեփոխումների կուսակցությունից և Ագրարային կուսակցությունից, և 6 թեկնածու Սոցիալիստական կուսակցությունից։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, ներկայացված կուսակցություններից ոչ մեկը չի քննադատում իշխանությանը։ 2024 թվականի մայիսին մահացել է Տաջիկստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և մշտական առաջնորդ Ռահմատիլո Զոյիրովը, և նույն թվականի հունիսին իշխանությունները ձերբակալել են նրա առաջին տեղակալ Շոկիրջոն Հաքիմովին՝ պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով։
Փետրվարի սկզբին Հաքիմովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, Երկարատև ազատազրկման ժամկետներ են ստացել նաև այս աղմկահարույց գործի մյուս մեղադրյալները։ Կուսակցության նոր առաջնորդ Կիոմիդին Ազիզովը հասանելի չէ մամուլի համար։
2015 թվականին Տաջիկստանի Իսլամական Վերածնունդ կուսակցության արգելքից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մնաց միակ ընդդիմադիր կուսակցությունը երկրում։ 2002 թվականին իր ստեղծման օրվանից այն մասնակցել է բոլոր խորհրդարանական ընտրություններին, սակայն երբեք պատգամավորական մանդատ չի ստացել: Սոցիալ-դեմոկրատները բազմիցս մատնանշել են ընտրությունների կեղծումը և թափանցիկության բացակայությունը։
Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը Տաջիկստանում անվանում են «իշխանության կուսակցություն» կամ «նախագահ Էմոմալի Ռահմոնի կուսակցություն»։ 2000-ականների սկզբից կուսակցությունը զբաղեցրել է խորհրդարանի տեղերի ճնշող մեծամասնությունը:
2025 թվականի խորհրդարանական ընտրությունները յոթներորդն են անկախ Տաջիկստանի պատմության մեջ և վեցերորդը՝ քաղաքացիական պատերազմի ավարտից և երկպալատ խորհրդարանի ստեղծումից հետո։





























