Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը TV2-ին տված հարցազրույցում ասել է, որ համաշխարհային հայտնի գործիչները մեծ գումարներ են ստացել Ուկրաինա ուղևորությունների համար։ Հունգարիայի վարչապետի այս հայտարարության վրա ուշադրություն է հրավիրել «Ведомости»-ն։
Քաղաքական գործչի կարծիքով, հայտնի գործիչները երկիր են այցելել ոչ թե անկեղծ կարեկցությունից, այլ բացառապես ֆինանսական շահից ելնելով. նրանց միլիոնավոր դոլարներ և եվրոներ են վճարել։
Օրբանը քննադատել է նաև լրագրողներին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ասելով, որ նրանք ոչ թե սեփական տեսակետն են հայտնում, այլ տարածում են այն գաղափարները, որոնց համար վարձատրվում են։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հունվարի 25-ին սառեցրել է Ուկրաինային աջակցելու նախագծերը՝ գրեթե բոլոր արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը 90 օրով դադարեցնելու մասին պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրամանից հետո: Փետրվարի 6-ին ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է The New York Times, Politico թերթերի և Associated Press գործակալության ֆինանսավորումը, հայտնել է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE)։ Փետրվարի 5-ին Կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը ԶԼՄ-ների վրա պետական ծախսերն անվանել է հարկատուների փողերի վատնում:





























