Թուրքիան ցանկանում է, որ թուրքական Ջեյհանով մատակարարումները վերսկսելուց անմիջապես հետո Իրաք-Թուրքիա նավթամուղն աշխատի առավելագույն հզորությամբ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, տեղեկացնում է է Anadolu-ն։

Խողովակաշարով մատակարարումները Թուրքիան կասեցրել է 2023 թվականի մարտին այն բանից հետո, երբ Միջազգային առևտրային պալատը (ICC) Անկարային պարտավորեցրել է 1,5 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել Բաղդադին 2014-ից 2018 թվականներին չարտոնված արտահանման համար:

2023 թվականի վերջերից Թուրքիան հայտարարում է, որ պատրաստ է վերագործարկել կիսաինքնավար Քրդստանից նավթ տեղափոխող խողովակաշարը։

Բայրաքթարն անցյալ ամիս Reuters-ին հայտնել էր, որ Անկարան հաստատում չի ստացել մատակարարումների վերսկսման մասին:

Իրաքյան Քրդստանում գործող ութ միջազգային նավթային ընկերություններ ուրբաթ օրը հայտարարել են, որ չեն վերսկսի նավթի արտահանումը թուրքական Ջեյհանով, չնայած մոտ ժամանակներս դրա վերսկսման մասին Բաղդադի հայտարարությանը։

«Այս խողովակաշարը պատրաստ է արդեն 1,5 տարի։ Մենք ցանկանում ենք, որ օգտագործվի Թուրքիա-Իրաք խողովակաշարը, հատկապես մեր Սիլոպիից մինչև Ջեյհան 650 կմ երկարությամբ երկու խողովակաշարերը,- ասել է Բայրաքթարը։- Մենք ցանկանում ենք, որ նավթի մի մասը, որն անցնում է այս գծով, հասնի Կիրիկքալեի նավթավերամշակման գործարան, ինչպես նաև Ջեյհանով նավերի միջոցով հասնի Թուրքիայի կամ աշխարհի այլ նավթավերամշակման գործարաններ, որպեսզի խողովակաշարի հզորությունը հնարավոր լինի օգտագործել առավելագույն մակարդակով»:

Բայրաքթարը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի և Իրաքի մասնակցությամբ առևտրային ճանապարհ ստեղծելու նախագիծը, որը կոչվում է «Զարգացման ճանապարհ», ներառում է խողովակաշարի կառուցում, որը կհասնի Պարսից ծոց՝ իրաքյան նավթը Թուրքիայով համաշխարհային շուկաներ հասցնելու համար: