Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) եւ ԱՄՆ արդարադատության նախարարության կենտրոնակայանները ներառվել են դաշնային կառավարության գույքի ավելի քան 440 օբյեկտների ցանկում, որոնք կարող են հանվել վաճառքի։
Ցանկը, որը հրապարակել է ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA), ներառում է ավտոտնակներ, գրասենյակային շենքեր, հանգստյան տներ եւ այլ գույք: Ինչպես նշվել է գերատեսչության պարզաբանման մեջ, այս օբյեկտները «առանցքային դեր չեն խաղում կառավարության աշխատանքում»։ «[Դրանց] վաճառքը կապահովի, որ հարկատուների դոլարներն այլեւս չվատնվեն դատարկ կամ չօգտագործված դաշնային գործակալության օբյեկտների վրա»,- նշվել է հայտարարությունում:
Էդգար Հուվերի (որն զբաղեցրել է ՀԴԲ տնօրենի պաշտոնը 1924-1972թթ.) անվան շենքը կառուցվել է 1975թ. եւ այդ ժամանակվանից եղել է հետախուզական գործակալության կենտրոնակայանը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը զբաղեցնում է 110 հազար քառակուսի մետր մակերեսով շենք, որը կառուցվել է 1935թ.։
Ցանկում ներառված է նաեւ գլխավոր փոստային բաժանմունքի պատմական շենքը, որը կառուցվել է նեոռոմանական ոճով 1899թ.։ 2013թ. այն 60 տարով վարձակալության է հանձնվել ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությանը, որն ավելի քան 200 մլն դոլար արժողությամբ վերանորոգումից հետո այնտեղ բացել է Trump International հյուրանոցը։ Սակայն 2022թ. շենքի վարձակալության իրավունքները վաճառվել են, որից հետո այնտեղ բացվել է Waldorf Astoria հյուրանոցը։
Բացի այդ, պոտենցիալ վաճառքի օբյեկտների ցանկում ընդգրկվել են ամերիկյան Կարմիր խաչի ընկերության կենտրոնակայանը, Աշխատանքի եւ ԱՄՆ բնակարանաշինության եւ քաղաքաշինության դեպարտամենտի շենքերը։
ԱՄՆ պետական պարտքը գերազանցում է 36,5 տրլն դոլարը, որը կազմում է ավելի քան 107 հազար դոլար երկրի յուրաքանչյուր բնակչի համար։ 2025թ. հունվարին իր երդմնակալությունից հետո Թրամփը ձեռնարկատեր Իլոն Մասկին նշանակել է վերահսկելու նոր վարչությունը, որը սկսել է պետական բյուջեի ծախսերի լայնածավալ ստուգում: Ընդհանուր առմամբ Մասկն ակնկալում է դրանք կրճատել 2 տրլն դոլարով։





























