ՆԱՏՕ-ի զինված ուժերը պատրաստ չեն անօդաչու սարքերի կիրառմամբ ժամանակակից պատերազմներին, Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար, գնդապետ Վադիմ Սուխարյովսկին։
Կիևը ձգտում է հակառակորդից առաջ ընկնել՝ օգտագործելով արհեստական բանականությունը, ավելի շատ ցամաքային անօդաչու սարքեր տեղակայելով և լազերների փորձարկում անելով՝ ռուսական անօդաչու սարքերը ոչնչացնելու համար, հայտարարել է գնդապետ Վադիմ Սուխարյովսկին։
Նա պատմել է, թե ինչպես են անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ռազմական գործողությունները շեշտակի զարգանում 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, և ինչպես է այն փոխել հաստատված ռազմական դոկտրինները:
«Դատելով նրանից՝ ինչ տեսնում և լսում եմ, ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի բանակ պատրաստ չէ դիմակայել անօդաչու թռչող սարքերի կասկադին»,-ասել է Սուխարյովսկին:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ճանաչի անօդաչու թռչող սարքերի տնտեսական առավելությունները, որոնց արտադրությունը հաճախ շատ ավելի էժան է, քան դրանք ոչնչացնելու համար անհրաժեշտ սովորական զինատեսակները:
«Դա պարզապես տարրական մաթեմատիկա է: Որքա՞ն արժե այն հրթիռը, որը խոցում է (ռուսական) Shahed անօդաչու թռչող սարքը: Իսկ ինչքա՞ն արժե նավը, օդանավը և հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայելը, ԱԹՍ-ի վրա կրակ բացելու համար», -նշել է նա։
Ամենատարրական հեռահար անօդաչու թռչող սարքերը կարող են արժենալ մինչև մի քանի հազար դոլար, թեև Shahed գրոհային անօդաչուները գնահատվում են տասնյակ հազարավոր դոլարներ:
Հակաօդային պաշտպանության կալանիչ հրթիռները սովորաբար արժեն վեցանիշ կամ յոթանիշ թվեր, և շատ երկրներ ունեն միայն սահմանափակ պաշարներ, ինչը նրանց օգտագործումը խիստ անտնտեսական է դարձնում:




























