Maxar Technologies-ը պատասխանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի խնդրանքին՝ արգելափակել Ուկրաինայի մուտքը արբանյակային լուսանկարներին:
«Maxar-ը պայմանագրեր ունի ԱՄՆ կառավարության և աշխարհի տասնյակ դաշնակից և գործընկեր երկրների հետ՝ արբանյակային պատկերներ և այլ աշխարհատարածական տվյալներ տրամադրելու համար: Յուրաքանչյուր հաճախորդ ինքն է որոշում, թե ինչպես է օգտագործում այս տվյալները և ում հետ է դրանք կիսում:
Այդպիսի պայմանագրերից մեկը GEGD-ն է (Global Enhanced Geospatial Intelligence Delivery), ԱՄՆ կառավարության ծրագիր, որն ապահովում է մուտք դեպի ԱՄՆ կառավարության համար ձեռք բերված առևտրային արբանյակային պատկերներ: ԱՄՆ կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել ուկրաինական հաշիվները GEGD-ում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ազգային աշխարհատարածական-հետախուզական գործակալությունը Associated Press-ին հայտնել է, որ արբանյակային պատկերների հասանելիությունը սահմանափակվել է «[նախագահական] վարչակազմի կողմից Ուկրաինային աջակցելու գործադիր հրամանի պատճառով»։ Այլ մանրամասներ վարչությունից չեն հայտնել։





























