Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի նոր ղեկավարին անվանել է «ահաբեկիչ» եւ հասկացրել, որ Իսրայելի ղեկավարությունը չի հավատում նրա ցուցադրած չափավորությանը, տեղեկացրել է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Կացն իր հաղորդագրությանն ամրացրել է ալավիների հանդեպ կոշտ հաշվեհարդարի տեսանյութ։
«Ջուլանին հանել է գալաբիան, հագել է կոստյում եւ չափավոր դեմք ներկայացրել, հիմա նա դեն է նետել դիմակը եւ ցույց տվել իր իսկական դեմքը. ջիհադական ահաբեկիչ «Ալ-Քաիդայի» դպրոցից, որը գազանություններ է գործում քաղաքացիական բնակչության դեմ։ Իսրայելը կպաշտպանվի Սիրիայի ցանկացած սպառնալիքից։
Մենք կմնանք անվտանգության գոտիներում եւ Հերմոնում, ինչպես նաեւ կպաշտպանենք Գոլան եւ Գալիլեա բնակավայրերը։ Մենք կապահովենք Սիրիայի հարավի ապառազմականացումը զենքից եւ սպառնալիքներից եւ կպաշտպանենք այնտեղ ապրող դրուզ բնակչությանը, նա, ով վնաս կպատճառի նրանց, կտուժի մեր գործողություններից»։





























