ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցկացրել է ԱՄՆ պատմության մեջ առաջին կրիպտոգագաթաժողովը, որտեղ հայտարարել է կրիպտոարժույթների շուկայի դեռեգուլյացիայի սկզբի մասին։ Գագաթաժողովին մասնակցել են կրիպտոարժույթների ոլորտի շուրջ 30 առաջնորդներ։ Գագաթաժողովի ֆոնին ամերիկյան կարգավորիչների կողմից հայտարարված առաջին միջոցներից է ամերիկյան բանկերի համար կրիպտոարժույթներով եւ սթեյբլքոիններով գործարքների հետ կապված որոշ սահմանափակումների վերացումը, հաղորդել է «Голос Америки»-ն։
Բացելով գագաթաժողովը՝ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «վերջ դնել կրիպտոարժույթների դեմ բյուրոկրատական պատերազմին», ինչպես նաեւ կրկնել է իր թեզը Միացյալ Նահանգները «մոլորակի կրիպտոմայրաքաղաք» դարձնելու ցանկության մասին։
«Մենք պատմական քայլեր ենք ձեռնարկում այդ խոստումը կատարելու համար»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ կաջակցի թվային ակտիվների շուկայի օրինագծերին, ինչպիսիք են դոլարով ապահովված սթեյբլքոինները:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կլինի կրիպտոարժույթների շուկայի դեռեգուլյացիայի առաջամարտիկը։





























