ԱՄՆ Սենատի հանրապետականները կարծում են, որ Ուկրաինային զենքի եւ զինամթերքի մատակարարման երկար դադարը կործանարար ազդեցություն կունենա նրա ռազմական հնարավորությունների վրա, ինչը կխաթարի Կիեւի դիրքերը Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում, գրել է The Hill-ը։ Ըստ պարբերականի՝ հանրապետական սենատորները կոչ են արել վերականգնել Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։
Մասնավորապես, Հյուսիսային Կարոլինայից սենատոր Թոմ Թիլիսը նշել է, որ ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը կարող է ձեռնտու լինել Պուտինին, փոխանցել է DW-ն։ Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հույս է հայտնել, որ այդ միջոցը ժամանակավոր է եւ «բանակցությունների մաս»: Իսկ Սենատի հատկացումների հանձնաժողովի ղեկավար Սյուզան Քոլինզը նշել է, որ այժմ «կրիտիկական պահ է Ուկրաինայի համար»։
Սենատի հետախուզության կոմիտեի բարձրաստիճան անդամ Ջոն Քորնինը նշել է, որ Ուկրաինային տրամադրված հետախուզական տվյալներն անհրաժեշտ են, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարը։ Նա հույս է հայտնել, որ այս տեղեկատվության փոխանակումը կվերսկսվի։ Նման կարծիք են հայտնել Սենատի զինված ուժերի կոմիտեի անդամներ Մայք Ռաունդսը եւ Դեբ Ֆիշերը։





























