Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուօղլուն ելույթ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում ծառայող դիվանագետների մասնակցությամբ կայացած համաժողովին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, նշելով` եթե եվրոպացիներն իրենց արժեքներին տեր չեն կանգնում, Թուրքիան տեր կկանգնի դրանց։
«Դիմում եմ Ֆրանսիայի Սենատին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի 577 պատգամավորից 50-ը օղակը հանած նռնակը դրել են Սենատի մուտքի մոտ։ Հիմա էլ Ֆրանսիայում Սենատը, մտավորականները եւ քաղաքական գործիչները քննության առաջ են։
Հայերին եմ դիմում՝ Անատոլիայից հեռացած ցանկացած անձ՝ մեր սփյուռքն է։ Աշխարհում որտեղ որ թեկուզ մեկ հայ կա, մեր դեսպանները կգնան, նրանց հետ առանձին-առանձին կխոսեն մեր համատեղ պատմության շուրջ»,-ասել է Դավութօղլուն։
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Ֆրանսիայի դեմ 8 կետից բաղկացած պատժամիջոցներ է սահմանելու։




























