Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը կքննարկի Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու հնարավորությունը, սակայն ընդգծել է, որ դեռ վաղ է որևէ տեղակայման համար, հաղորդում է AFP-ն:
Շաբաթ օրը Ավստրալիայի առաջնորդը զրուցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որը միացել է Ֆրանսիային՝ փորձելով համախմբել «կամավորների կոալիցիա»՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում ցանկացած զինադադար պաշտպանելու համար:
«Մեր երկու երկրներն էլ շատ հստակ հայտարարում են Ուկրաինային մեր աջակցության մասին, և, իհարկե, դեռ չափազանց վաղ է. առանց խաղաղության հաստատման անհնար է խաղաղապահ ուժեր ունենալ,- ասել է Ալբանեզը մամուլի ասուլիսում։- Ես, իհարկե, շատ հստակ, հրապարակավ և բազմիցս հայտարարել եմ, որ մենք կդիտարկենք Ուկրաինայում ցանկացած խաղաղապահ առաքելության մասնակցելու հնարավորությունը»։
Ավստրալիան բարձրաստիճան պաշտոնյայի կուղարկի Փարիզում երեքշաբթի օրը կայանալիք շտաբների պետերի հանդիպմանը՝ Ուկրաինային ապագա աջակցության քննարկման համար, ասել է Ալբանեզը:
Եվրոպական երկրները շտապում են ուժեղացնել Ուկրաինայի աջակցությունը, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում հրադադարի շուրջ ուղիղ բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Եվրոպական մի քանի երկրներ հայտարարել են, որ պատրաստ են խաղաղապահ զորքեր տեղակայել Ուկրաինայում՝ որպես «անվտանգության երաշխիք»:





























