Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ զինված ուժերը մարտի 10-ին սկսել են Freedom Shield համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջեւ փոխկապակցվածության բարձրացումն է։ Դրանցում ներգրավվելու է հարավկորեացի մոտ 19 հազար զինվորական։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն, կողմերը նախատեսում են 16 լայնամասշտաբ դաշտային վարժանքներ՝ 2024թ. 10-ի փոխարեն: Զորավարժությունները կավարտվեն մարտի 20-ին: Մինչ այդ ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը նշել էին, որ այդ վարժանքները հաշվի կառնեն Մոսկվայի եւ Փհենյանի համագործակցությունը։
Ընդ որում՝ գործակալությունը նշել է, որ այս տարի ուղիղ կրակով վարժանքներ «չեն կայանա»՝ մարտի 6-ին հարավկորեական գյուղերից մեկի վրա ռումբեր նետելու պատճառով։ Այդ ժամանակ հարավկորեական երկու KF-16 կործանիչներ արձակել էին ութ ռումբ։ Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը հայտնել են, որ իրավիճակն առաջացել է օդաչուի սխալի պատճառով. նա թռիչքի նախապատրաստվելիս սխալ թիրախային կոորդինատներ է մուտքագրել։ Արդյունքում՝ տուժել է 29 մարդ, այդ թվում՝ 14 զինվորական։
Ներկա զորավարժությունները պետք է լինեն առաջին ամենամեծը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք։ Freedom Shield-ից բացի, Կորեայի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգներն ամեն տարի անցկացնում են Ulchi Freedom Shield զորավարժությունները, սովորաբար օգոստոսին:
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Կորեայի Հանրապետությանը եւ ԱՄՆ-ին Freedom Shield-ի անցկացման համար եւ նախազգուշացրել է, որ այդ զորավարժանքները բացասական ազդեցություն կունենան ԱՄՆ անվտանգության վրա։





























