Կոռուպցիայի դեմ պայքարը ես պատկերացնում եմ երկու ուղղություններով ծանր և պատասխանատու աշխատանքի տեսքով։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին ընտրող հանձնաժողովի նիստում նշեց կոմիտեի անդամի թեկնածու Արտաշես Մայիլյանը:

«Առաջին ուղղությունը դա կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ պետական մարմինների և անհրաժեշտ գործիքակազմի ձևավորումն է։ Այս առումով ուրախությամբ պետք է նշեմ, որ 2018 թվականից հետո, այո, մենք ունենք բավականին լուրջ հաջողություններ։ Ունենք Հակակոռուպցիոն կոմիտե, որը այսօր արդեն կայացած կառույց է, դատախազության կազմում ունենք համապատասխան ստորաբաժանում ապօրինի գույքի բնագանձման մասով, ունենք հակակոռուպցիոն դատարան, եռաստիճան համակարգ և այո, անհրաժեշտ կառույցները իմ կարծիքով ձեւավորված են:

Պայքարի երկրորդ ուղղությունը կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման քննությանը զուգահեռ պրոֆիլակտիկայի աշխատանքների իրականացումն է: Այսօր մենք ունենք շատ մեծ անհրաժեշտություն իրականացնելու պրոֆիլակտիկայի աշխատանքներ ու բավականին մեծ ծավալներով։ Հատկապես սա շատ կարևորում եմ թիրախային ուղղություններում, այսինքն այն ուղղություններում, որտեղ կոռուպցիոն դրսևորումները պարբերաբար նկատվել են՝ անձնագրային բաժանմունքներ, միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներ, հաշվառման քննական բաժանմունքներ, բուհեր, դպրոցներ: Սրանք թիրախային ուղղություններ են, որտեղ անհրաժեշտ է իրականացնել այո, պրոֆիլակտիկ լայն ծավալի աշխատանքը»,- ասաց թեկնածուն:

Նա հավելեց, որ անհրաժեշտություն է առաջացել հանրության մեջ ձևավորել մոտեցում, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պայքարը չէ, հետեւաբար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը մեր բոլորի սուրբ պարտականությունը պետք է լինի»:

Նա նաեւ օրինակ բերեց, որ ուսանողները, որոնք չեն ստացել քննությունները, նրանց մեջ կարող են լինել այնպիսիք, որոնք կնախընտրեն ոչ թե նստել, պարապել, այլ փորձել զարտուղի ճանապարհներով ստանալ այդ քննությունները, ենթադրենք, դասախոսին կաշառք տալու միջոցով։

«Ի՞նչ գիտեն այս մարդիկ կոռուպցիայի մասին առհասարակ։ Վստահեցնում եմ ձեզ, որ վերջին երեք-չորս տարիների իմ ակտիվ աշխատանքը այս ոլորտում ցույց է տալիս, որ շատ դեպքերում հասարակության այդ լայն զանգվածը իրազեկված չէ։ Մենք ունենք այսօր հասարակության մի շերտ, որոնք կոռուպցիա ասելով հասկանում եմ բացառապես պաշտոնատար անձին գումարի տեսքով կաշառք տալը։

Այսինքն, երբ մարդուն ասում ես՝ նվեր ես տվել,  սա կաշառք չի՞, ասում է՝ դե նվեր եմ տվել, ի՞նչ կաշառք։

Այսինքն անհրաժեշտություն է առաջացել հասարակությանը կրթել, իրազեկել, որ չի կարելի պաշտոնատար անձին նվերներ տալ, չի կարելի հյուրասիրել, չի կարելի որևէ արտոնյալ պայմաններում ինչ-որ ծառայություն առաջարկել, կամ առհասարակ որևէ ծառայություն մատուցել։ Չի կարելի առհասարակ մաղարիչ անել»,- հայտարարեց Մայիլյանը: