Թայվանի պաշտպանության նախարարությունը մտադիր է օրինագիծ առաջարկել՝ պատժելու այն զինվորականներին, որոնք հավատարմության երդում են տվել Չինաստանին եւ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությանը: Ինչպես նշել է Taipei Times թերթը, այս որոշումը պայմանավորված է կղզու՝ Պեկինի օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինվորականների թվի աճով։

Օրինագծի համաձայն՝ գործող զինվորականներին, որոնք «հավատարմության երդում են տալիս» Չինաստանին եւ նրա Կոմունիստական կուսակցությանը «խոսքերի, գործողությունների, հայտարարությունների, լուսանկարների, թվային ձայնագրությունների կամ այլ մեթոդների միջոցով», կսպառնա 1-7 տարվա ազատազրկում:

Ինչպես 2025թ. հունվարին հայտնել է Թայվանի Ազգային անվտանգության բյուրոն, Չինաստանի օգտին լրտեսության մեղադրանքով կղզում հետապնդվողների թիվը կտրուկ աճել է 2024թ.՝ հասնելով 64-ի՝ 2023թ. 48-ի փոխարեն։ Ընդ որում՝ նման գործերով ավելի հաճախ անցնում են նախկին եւ գործող զինվորականները. 2024թ. պատասխանատվության են ենթարկվել Թայվանի 15 պաշտոնաթող եւ 28 գործող զինծառայողներ։

Ինչպես նշել է Թայվանի պաշտպանության նախարարությունը, շատ դեպքերում զինվորականներին համոզել են համագործակցել Պեկինի հետ «փողի, ներդրումների կամ մոլախաղերի» օգնությամբ, նրանց խնդրել են ստորագրել փաստաթղթեր կամ տեսանյութ պատրաստել, որում նրանք հայտարարել են Չինաստանին հավատարմության մասին: Առաջարկվող օրինագծի համաձայն՝ լոյալության նման հաստատումն այժմ քրեորեն պատժվելու է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օրինագիծը կներկայացնի Գործադիր յուանին (կառավարություն)՝ բոլոր իրավաբանական ընթացակարգերը կատարելուց հետո: