ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE), որը վերահսկում է Իլոն Մասկը, պետք է հրապարակի իր գործունեության վերաբերյալ տվյալները։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով դատարանի որոշմանը։
Վաշինգտոնի օկրուգային դատավորն ընդգծել է, որ DOGE գործողություններն իրականացվել են գաղտնիության պայմաններում: Բացի այդ, դատավորի հայտարարության համաձայն, Մասկի կողմից վերահսկվող գերատեսչությունը, ամենայն հավանականությամբ, ենթակա է ԱՄՆ տեղեկատվության ազատության օրենքին, հայտնել է Reuters-ը։ Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո DOGE-ն սկսել է ԱՄՆ կառավարության ծախսերի լայնածավալ ստուգումը: Իլոն Մասկի խոսքով՝ ծառայությունն ակնկալում է 2 տրլն դոլարով կրճատել Վաշինգտոնի կառավարության ծախսերը։ Փաստորեն, Մասկի դրդմամբ ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը` նրա հետագա վերակազմավորման նպատակով։





























