ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային մարմինները (ICE) փետրվարին ավելի քիչ միգրանտներ են արտաքսել, քան նախորդ տարվա նույն ամսին, երբ նախագահ էր Ջո Բայդենը: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով ICE տվյալներին, որոնք հայտնվել են նրա տրամադրության տակ։

2025թ. փետրվարին ԱՄՆ-ից արտաքսվել է մոտ 11 հազար միգրանտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտաքսվել է 12 հազար մարդ։ Հեռուստաալիքն այս թվերը բացատրել է նրանով, որ Բայդենի վարչակազմի օրոք ընդհանուր առմամբ ավելի շատ մարդ է փորձել հատել սահմանը, քան այս տարի։ Ընդ որում՝ խոսքն ինչպես օրինական, այնպես էլ անօրինական միգրացիայի մասին է։

Բայդենի վարչակազմի օրոք, ինչպես նշել է NBC News-ը, արտաքսումների մեծ մասը եղել են սահմանին կալանավորվածները, եթե հաշվենք միայն այն ներգաղթյալներին, որոնք արտաքսվել են ICE-ի աշխատակիցների կողմից սահմանին կալանավորվելուց հետո, ապա այս տարվա փետրվարին եղել է 4 300, իսկ մեկ տարի առաջ՝ 2 100:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին։ Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական ներգաղթյալներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց իմիգրացիոն դատարանի որոշման։