Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեքշաբթի հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է հաջորդ տարվանից սկսել կամավոր ռազմական պատրաստության նոր ծրագիր, որի նպատակն է մինչև 2027 թվականը պատրաստել 100 հազար կամավորի, հայտնում է Reuters-ը։

«Մեզ համար ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է մասնակցել նման պատրաստությանը ոչ ուշ, քան 2026 թվականին: Դա բարդ խնդիր է, բայց ես գիտեմ, որ դա հնարավոր է իրականացնել»,- կառավարության նիստից առաջ ասել է Տուսկը։

«2027 թվականին մենք կհասնենք տարեկան 100 հազար կամավոր պատրաստելու կարողությանը... Բացի արհեստավարժ բանակից և տարածքային պաշտպանության ուժերից, մենք փաստացի պետք է պահեստազորի բանակ ստեղծենք, և մեր գործողությունները կծառայեն այս նպատակին»,- հավելել է նա։

Տուսկը հայտարարել է, որ կառավարությունը կքննարկի, օրինակ, որպես խթան մարդկանց թույլ տալու ռազմական ուսուցման ընթացքում մասնագիտական,​​ ներառյալ՝ ծանր տրանսպորտային միջոցների համար վարորդական վկայականներ ձեռք բերելու հնարավորությունը:

«Դա օգտակար կլինի պատերազմի դեպքում, բայց կյանքում ևս օգտակար կլինի նրանց համար, ովքեր հետաքրքրված են նման որակավորումներով»,- նշել է նա։ Կառավարությունը դիտարկում է նաև կոնկրետ մասնագիտական ​​խմբերի համար մասնագիտացված դասընթացներ կազմակերպելու հնարավորությունը։

Ավելի ուշ Տուսկը «X» սոցիալական ցանցում գրել է, որ նախարարներին տեղեկացրել է՝ կառավարության անդամներն ու պաշտոնյաները նույնպես կամավոր հիմունքներով վերապատրաստում են անցնելու, ինչն, ըստ նրա,  լիակատար ըմբռնումով են ընդունել:

Անցյալ շաբաթ Լեհաստանի կառավարությունը պաշտպանեց բոլոր չափահաս տղամարդկանց համար ռազմական պատրաստություն մտցնելու գաղափարը:

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Լեհաստանն իր ՀՆԱ-ի ավելի մեծ մասնաբաժին է ծախսել պաշտպանության վրա, քան ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած այլ երկիր: